Սիրտ-անոթային հիվանդությունների թիվն այսօր ողջ աշխարհում աճում է անկախ հիվանդների տարիքից եւ նրանց բնակավայրերի եղանակային պայմաններից: Սակայն շոգ ամառը լրացուցիչ պայմաններ է ստեղծում այդ հիվանդությունների սրացման եւ զարգացման համար:

Այն մասին, թե ինչու են սիրտ-անոթային հիվանդություններն ամռանը սրվում եւ ինչ անել՝ բարդություններից խուսափելու համար, լրագրողներին պատմել են սրտաբաններ Տիգրան Պողոսյանը եւ Ալբերտ Զոհրաբյանը:

Ինչու՞ են ամռանը սրվում սիրտ-անոթային հիվանդությունները

Շոգ ժամանակ խրոնիկ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդիկ ավելի հաճախ են բժիշկներին այցելում, նշել է Տիգրան Պողոսյանը: Դա սովորաբար կապված է այն բանի հետ, որ շոգ ժամանակ թթվածնի պարունակությունը օդում նվազում է, եւ առկա սիրտ-անոթային խնդիրները էլ ավելի են խորանում:

Բացի այդ, նման խնդիրներ ունեցող մարդկանց մոտ հաճախ ջերմակարգավորումը խանգարված է լինում, ինչը նույնպես գանգատների առաջացման պատճառ է դառնում. Մարդկանց մոտ սկսվում է հեւոց, օդի պակասի զգացողություն, զարկերակային ճնշման տատանումներ, ընդրահուր թուլություն:

Ալբերտ Զոհրաբյանը իր հերթին նշեց, որ շոգից անոթները լայնանում են, ինչի հետեւանքով զարկերակային ճնշումը նկատելիորեն իջնում է, եւ սիրտը ստիպված սկսում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել:

Ի՞նչ անել ամռանը՝ սիրտ-անոթային բարդություններից խուսափելու համար

  • Ամռան շոգին ոչ ոքին խորհուրդ չի տրվում ցերեկով փողոց դուրս գալ, բայց հատկապես զգույշ պետք է լինեն սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդիկ: Դուրս գալիս պետք է անպայման գլխարկ կրել, խորհուրդ են տալիս բժիշկները:
  • Սրտային խնդիրներ, մասնավորապես սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս ամեն երեկո 3-4 կմ զբոսնել:
  • Լավ միտք է նաեւ բուժող բժիշկին այցելել. գուցե կարիք կա ընդունվող դեղորայքների կամ դրանց չափաբաժինների մեջ ինչ-որ փոփոխություններ անել:
  • Շոգին մարդկանց սովորաբար խորհուրդ են տալիս շատ հեղուկ օգտագործել, սակայն սիրտ-անոթային խնդիրներ, մասնավորապես սրտային անբավարարություն ունեցողներ մարդկանց ցանկալի է ավելի զգույշ լինել հեղուկների հետ, քանի որ դրանք լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում սրտի համար:
  • Սրտաբանները նաեւ խորհուրդ են տալիս չչարաշահել սնունդը, ալկոհոլը եւ ծխախոտը: Սննդից բժիշկները խորհուրդ են տալիս բանջարեղենը, որը ցանկալի է ուտել քիչ-քիչ եւ հաճախակի:
  • Սրտաբանները նաեւ խորհուրդ են տալիս սիրտ-անոթային հիվանդություններով տառապող բոլոր մարդկանց առաջին հերթին առողջ ապրելակերպ վարել: