Սինուսիտով տառապող 37 մլն ամերիկացիների համար բոլորովին վերջերս բուժման միակ միջոցը վիրաբուժական ցավոտ միջամտությունն էր համարվում, հաղորդում է FoxNews-ը:

Հառլեմի 46-ամյա բնակիչ Դիան Ստիվենսը, ով տարիներ շարունակ հիվանդության բոլոր ախտանշաններն ուներ, այդ թվում՝ քթի արյունահոսություն եւ հոտառության կորուստ, ի վերջո այնպիսի ծանր շնչառություն էր ձեռք բերել, որ վիրահատական միջամտությունն այլեւս անխուսափելի էր համարում:

Սակայն սինուսիտի բուժման՝ բոլորովին վերջերս մշակված նոր տեխնոլոգիան վիրաբուժական դանակից եւ դրա ցավոտ հետեւանքներից խուսափելու հնարավարություն է ընձեռում: Այն առաջարկում է հարքթային ծոցերում փուչիկներ տեղակայել, որոնք, փչվելով, շնչուղիներն ընդլայնելու հնարավորություն կընձեռեն:

Օգդենի բժշկական կենտրոն օտոլարինգոլոգ, հիվանդության դեմ պայքարի երկու մեթոդների համեմատական վերլուծության հեղինակ դոկտոր Նադիմ Բիխազիի համոզմամբ, «փուչիկի» տեխնոլոգիան թե կարճաժամկետ, եւ թե երկարաժամկետ հեռանկում, ավանդական վիրաբուժական միջամտության համեմատ, նշանակալի փոփոխություններ եւ արագ ապաքինում է խոստանում:

Հիվանդների մոտ քթի արյունահոսություն գրեթե չի նկատվում, այնպես որ անմիջապես կարող են աշխատանքի վերադառնալ: Երկարաժամկետ հեռանկարում եւս հարքթային ծոցերի բորբոքման հավանականությունն անհամեմատ ցածր է:

30 րոպե տեւողությամբ պրոցեդուրային ընթացքում հիվանդները տեղային անզգայացում են ստանում եւ հաջորդ օրն իսկ կարող են աշխատանքի վերադառնալ:

Բազմաթիվ ապահովագրական ընկերություններ սինուսիտի բուժման «փուչիկի» տեխնոլոգիայի դիմաց վճարելու ցանկություն են հայտնել:

Դիանի պարագայում եւս արդյունքները գոհացուցիչ են: «Այնքան ազատ եմ շնչում: Երկու տարի զրկված եմ եղել այսչափ թեթեւ շնչառությունից: Հրաշալի եմ զգում ինձ», - պատմել է նա: