Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի քան 1500 բժիշկներ են ընդգրկված, եւ նրանց թիվը կմեծանա, եթե վարակը ավելի մեծ տարածում ստանա։ Նախարարության բոլոր խորհրդականները նույնպես ներգրավված են այդ պայքարում։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց առողջապահությւան նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքերով՝ կորոնավիրուսային վարակով պացիենտների հետ այսօր աշխատում են երկրի 9 հիվանդանոցներում, եւ ոչ միայն վարակաբանները, այլեւ այլ պրոֆիլի բժիշկներ՝ սրտաբաններ, էնդոկրինոլոգներ եւ այլն։ Այս մասնագետները խորհրդատվություններ են տալիս այն պացիենտներին, որոնք քրոնիկ հիվանդություններ ունեն, որոնց պատճառով բարդությունների զարգացման ռիսկը բարձր է։

Արսեն Թորոսյանը նաեւ նշեց, որ եղել են բժիշկներ, որոնք հրաժարվել են աշխատել, իսկ որոշ բժիշկների խնդրել են տանը մնալ՝ նրանց տարիքի կամ քրոնիկ հիվանդություններ ունենալու հետ կապված, որոնց պատճառով նրանք կարող են ռիսկի խմբում հայտնվել։

Ինչ վերաբերում է բուժաշխատողների պաշտպանական հանդերձանքին, դրա անբավարարություն, նախարարի խոսքերով, տվյալ պահին չկա։

«Եղել է իրավիճակ, երբ մեզ մոտ 500 լավ դիմակ է մնացել, սակայն մեզ հաջողվել է նորերը ձեռք բերել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ բուժաշխատողների անվտանգության ապահովումը այսօրվա դրությամբ համարյա առաջնահերթ խնդիրներից մեկն է։