Կազմակերպություններում, որոնք կարող են COVID-19 համավարակի պատճառով կարանտինի շրջանակում իրենց գործունեությունը վերսկսել, անհրաժեշտ է հետեւել մի շարք կանոնների՝ աշխատակիցների եւ հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության եւ աշխատանքի տեսչության առողջության եւ անվտանգության ապահովման բաժնի պետ Աշոտ Հարությունյանը:
Գործատուն, մասնավորապես, պարտավորվում է.
- Ապահովել անհրաժեշտ պայմաններ, որ աշխատակիցները կարողանան պարբերաբար ձեռքերը մանրակրկիտ լվանալ:
- Իրենց աշխատակիցների համար ապահովել ջրի, օճառի, սպիրտ պարունակող հակասեպտիկների եւ դիմակների հասանելիություն: Կազմակերպությունում 10 աշխատակցի համար պետք է լինի հոսող ջրի գոնե մեկ ծորակ:
- Հաճախորդների հետ անմիջաբար շփվող աշխատակիցները պետք է դիմակներ կրեն:
- Կազմակերպությունում պետք է լինեն աղբի փակվող դույլեր, որ հնարավոր լինի դրանց մեջ գցել օգտագործված դիմակները:
- Օրը երկու անգամ պետք է չափել յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը՝ օգտագործելով կա՛մ հեռաչափ ջերմաչափեր, կա՛մ յուրաքանչյուրի համար առանձին ջերմաչափ: Չափումների արդյունքները անհրաժեշտ է գրանցել հատուկ մատյանում:
- Մակերեւույթների ախտահանման համար անհրաժեշտ է օգտագործել սպիրտի 60-70 տոկոս պարունակությամբ կամ քլորի հիմքով հակասեպտիկներ:
- Անհրաժեշտ է օրը նվազագույնը 2 անգամ ախտահանել բոլոր այն մակերույթները, որոնց մեծ թվով մարդիկ են հպվում:
- Աշխատակիցների աշխատատեղերը պետք միմյանցից հեռու լինեն գոնե 2 մետր:
- Աշխատակիցներին անհրաժեշտ է ապահովել հատուկ պահարաններով՝ անձնական իրերի եւ դրսի հագուստի համար:
- Հնարավորինս սահմանափակել աշխատակիցների ուղեւորություններն ու գործուղումները:
- Եթե աշխատակիցները բացակայում են ՍՇՎ ախտանիշների պատճառով, նրանց բացակայությունը հարգելի համարել:
- ՍՇՎ ախտանիշներով աշխատակիցներին թույլ չտալ աշխատանքի ներկայանալ:
- Եթե ախտանիշները ի հայտ են եկել աշխատավայրում, աշխատակցին մեկուսացնել եւ հայտնել առողջապահության նախարարություն:
- Եթե աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերեն կորոնավիրուսային ինֆեկցիա, պարզել նրա շփումների շրջանակը եւ հայտնել առողջապահության նախարարություն, ինչպես նաեւ ախտահանել բոլոր մակերեւույթները, որոնց կարող էր հպվել վարակված աշխատակիցը:
- Անհրաժեշտության դեպքում ապահովել ինքնամեկուսացած աշխատակիցների հեռավար աշխատելու հնարավորություն:
- Սահմանել աշխատանքային ճկուն աշխատաժամանակ 60-ն անց աշխատակիցների, շաքարային դիաբետի նման քրոնիկական հիվանդություններով մարդկանց, ինչպես նաեւ երեխաներ ունեցող աշխատակիցների համար:





