ՍՇՎ ախտանիշների բացակայության դեպքում կորոնավիրուսի ախտորոշման թեստավորումը իմաստ ունի առաջին հերթին վարակված մարդու կողքին գտնվելուց հետո: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Ի պատասխան հարցին՝ իմաստ ունի՞ թեստավորում անցնել, եթե ՍՇՎ ոչ մի ախատանիշ չկա, Վույնովիչն ընդգծել է, որ դա կախված է «համաճարակաբանական պատմությունից»:
«Այո, եթե կորոնավիրուսի դրական դեպքով մարդու հետ շփվել եք, խոսել դեմ առ դեմ, օրինակ՝ 15 րոպե մեկ մետր հեռավորությամբ, եւ եթե ենթարկվել եք վարակման այլ վտանգի»,- պարզաբանել է նա:
«Թեստավորումն առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալու համար, թե վիրուսը որտեղ է գտնվում, որպեսզի շատ թույլ ախտանիշներով մարդիկ հասկանան իրավիճակը եւ կարանտինի մեջ մնան այնքան ժամանակ, մինչեւ թեստերը կդառնան բացասական: Այս կերպ հնարավոր կլինի կասեցնել վիրուսի փոխանցումը»,- հավելել է ԱՀԿ ներկայացուցիչը:






