Հայաստանի առողջապահական ոլորտի ամենակարեւոր խնդիրներից մեկը մասնագիտական ասոցիացիաներին որոշակի դերակատարման եւ կշռի ընձեռնման մեջ է կայանում, գտնում է «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնի ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանը: Ասվածը, մասնավորապես, պլաստիկ վիրաբույժների ասոցիացիային է վերաբերում, որը, բժշկի խոսքով, ներկայումս կայացած եւ ակտիվ գործունեություն ծավալող կառույց է հանդիսանում:
Ինչպես հուլիսի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում է մասնագետը մեկնաբանել, հակառակ պարագայում բժիշկների նեղ մասնագիտական միավորումները կարող են թղթի վրա մնալ, ինչը այսօր արդեն դրանցից շատերին է բնորոշ:
«Իմ կարծիքով՝ մասնագիտական ասոցիացիաները պետք է որոշակի դերակատարում ունենան տվյալ մասնագիտացման ոլորտում: Առողջապահության նախարարությունը պետք է որոշակի՝ ինչպես կրթական, այնպես էլ՝ կազմակերպչական եւ վերահսկողական բնույթի գործառույթներ տրամադրի այդ միավորումներին», - նշել է նա՝ հավելելով, որ հարցն առաջիկայում մտադիր է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուշադրությանը ներկայացնել:
Հայաստանում պլաստիկ վիրաբուժության խնդիրներին անդրադառնալով, մասնագետը նկատել է, որ դրանք ընդհանուր՝ առողջապահական ոլորտի խնդիրներից այնքան էլ չեն տարբերվում: Նրա խոսքով, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, այսպես թե այնպես, իր ազդեցությունն է թողնում ինչպես պլաստիկ վիրաբուժության կարիք, այնպես էլ՝ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց վրա: Իհարկե՝ վատ չէր լինի, եթե առողջապահության ոլորտին հատկացվող գումարներն ավելի շատ լինեին եւ եթե բժշկական ոլորտի զարգացման միջազգային տեմպերը հաշվի առնվեին: Սակայն Գագիկ Ստամբոլցյանը իրողություններից կտրվելու ցանկություն չունի: «Մենք հասկանում ենք երկրի վիճակը եւ փորձում ենք հնարավորության սահմաններում ոլորտի զարգացումը խթանել», - նշել է նա:






