Պլաստիկ վիրաբուժության՝ Հայաստանում ամենալայն տարածքում գտած տեսակը ռինոպլաստիկան՝ քթի ձեւի ուղղումն է. սա վաղուց արդեն նորություն չէ: Ընդ որում, վիրահատությունից հավասարապես թե կանայք, եւ թե տղամարդիկ են օգտվում: Այս մասին հուլիսի 19-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնի ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանն է խոսել:
Նրա հաղորդմամբ, կանայք նաեւ լիպոսակցիայի, մամոպլաստիկայի եւ աբդոմինոպլաստիկայի նպատակով են պլաստիկ վիրաբույժների օգնությանը դիմում: Մասնագետը, նախքան միտքը շարունակելը, ընդգծել է, որ լիպոսակցիան ոչ թե նիհարեցման նպատակ հետապնդող, այլ՝ ուրվագծերի ուղղմանը միտված վիրահատություն է:
Տղամարդկանց՝ պլաստիկ վիրաբուժությանը դիմելու դրդապատճառներին անդրադառնալով՝ Գագիկ Ստամբոլցյանը նշել է, որ վերջին շրջանում առավելապես գինեկոմաստիայի դեպքերն են հաճախացել: Ի միջի այլոց, տղամարդկանց շրջանում նաեւ լիպոսակցիայի դեպքեր են լինում: Ինչ վերաբերում է հետվնասվածքային վերականգնողական վիրաբուժությանը, ապա այն ընդհանուր պրակտիկայի 15-18 տոկոսն է կազմում:
Խոսելով գների մասին, բժշկական կենտրոնի ղեկավարը նշել է, որ, զարգացած երկրների համեմատությամբ, Հայաստանում դրանք միանշանակ ցածր են: Մասնավորապես՝ ռինոպլաստիկան 400 հազարից 800 հազար դրամ արժի, մինչ, մասնագետի իտալացի գործընկեր Ռուբեն Օդենինոյի խոսքով, Իտալիայում համապատասխան վիրահատության համար 8500 եվրո են պահանջում:
Տարբերությունների համար, բժշկի գնահատմամբ, տարբեր պատճառներ կան, սակայն ամենակարեւորը բնակչության ցածր վճարողունակությունն է: Մինչդեռ որակի առումով տեղական պլաստիկ վիրաբուժությունը արտասահմանյանին ոչնչով չի զիջում: Մասնավորապես՝ ռինոպլաստիկայի ոլորտում հայ մասնագետները ավելի քան վարպետացել են:






