Դաշտանային ցիկլը կնոջ կյանքում մոտ 40 տարի կարող է տեւել: Ուստի կանացի հիգիենայի պարագաների արտադրությամբ մասնագիտացված ընկերությունները ջանք չեն խնայում՝ երեւույթի «անհարմար» հետեւանքները քողարկող առավել հարմարավետ միջոցներ առաջարկելու համար: Վիճակագրական տվյալների համաձայն, ԱՄՆ բնակչուհիները ողջ կյանքի ընթացքում միջինը 3072 դոլար են ծախսում՝ միջադիրներ եւ տամպոններ ձեռք բերելու համար, հաղորդում է Medical Daily-ն:

Տեխնոլոգիական առաջընթացին զուգընթաց, դաշտանային ցիկլի եւ ձվազատման ժամանակաշրջանի վերահսկմանը միտված միջոցները եւս առավել արդյունավետ օգնություն են ապահովում կանանց համար: Բջջային հեռախոսներ արտադրող եւ ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերություններն այդ առումով այլեւս մեծ դերակատարում ունեն: Հետեւում են մնացել այն օրերը, երբ կանայք, մասնավորապես՝ հղիության ձգտումով, օրացույց էին պահում՝ դաշտանային ցիկլի մեկնարկի օրերը նշելու եւ ձվազատման ժամանակաշրջանը հաշվարկելու համար: Հիմա արդեն նույն աշխատանքը հատուկ ծրագրերի օգնությամբ կարելի է անել:

Ստորեւ դրանցից մի քանիսն ենք ներկայացնում.

1. Clue

Սա ստանդարտ ծրագիր է՝ հղիությունից խուսափող կանանց համար: Այն ժամանակի ընթացքում կատարելագործվելու միտում ունի, քանի որ որքան երկար եք օգտագործում, այնքան հաշվարկներն առավել ճշգրիտ են դառնում: Clue-ն ձվազատման մեկնարկից երկու օր առաջ կհիշեցնի ձեզ սպասվող «վտանգավոր ժամանակաշրջանի» մասին եւ կարող է մի շարք հարցերի պատասխանել, օրինակ՝ «Արդյո՞ք իմ դաշտանային ցիկլը նորմալ է», «Ե՞րբ կարող եմ հղիանալ» կամ «Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը»:

2. Monthly Cycle

Բացի նախանշված նպատակից, այս ծրագիրը կարող է նաեւ ձեր նախադաշտանային ախտանշանները վերահսկել:

3. Fertility Friend

Սա արդեն հղիանալու ցանկություն ունեցողների համար է: Այն ի վիճակի է, մարմնի ջերմաստիճանը եւ մի շարք այլ տվյալներ հաշվի առնելով, բեղմնավորման համար լավագույն օրը որոշել: Գեղեցիկ գրաֆիկական լուծումները, տեսանյութերը, ուսուցողական նյութերը եւս օգտակար կլինեն՝ ապագա մայրիկի համար: Համենայն դեպս՝ 650 հազարից ավել օգտատերեր, որոնց հաջոցվել է ծրագրի օգնությամբ հղիանալ, միայն գոհունակություն են հայտնում:

4. My Pill

Այս ծրագիրն այն կանանց համար է, որոնք ժամանակ առ ժամանակ մոռանում են հակաբեղմնավորիչ դեղահաբեր ընդունել: Տեղյակ լինելով կոնկրետ դեղամիջոցի մասին՝ այն ի վիճակի է ժամանակին հիշեցումներ անել եւ դաշտանային ցիկլը վերահսկել: