Բրիտանացի գիտնականները ձվազատում խթանող նոր մեթոդ են հայտնաբերել, ինչի շնորհիվ արտաարգանդային բեղմնավորումը կանանց համար անպտղության դեմ պայքարի առավել արդյունավետ եւ անվտանգ միջոց կարող է դառնալ, հաղորդում է FoxNews-ը:

Խոսքը կիսսպեպտին հորմոնի մասին է, որը խորիոնիկ գոնադոտրոպինի փոխարեն կիրառման դեպքում ձվարանների հիպերխթանման համախտանիշի եւ այլ՝ կյանքի համար սպառնալիք ներկայացնող կողմնակի ազդեցությունների առաջացման վտանգ չի ներկայացնի: Մասնավորապես՝ ձվարանների հիպերխթանման արդյունքում կանանց մոտ կարող է ձվարանների ցավ եւ այտուցվածության, ինչպես նաեւ սրտխառնոց, քաշի կորուստ եւ երիկամային անբավարարություն նկատվել:

Բժիշկներին մտահոգություն էր պատճառում այն հանգամանքը, որ արտաարգանդային բեղմնավորման օգնությանը դիմած՝ այլ առումներով միանգամայն առողջ կանանց մոտ կարող են լուրջ խնդիրներ ի հայտ գալ, որոնց մի մասի պարագայում մահվան ելք է արձանագրվում:

Կիսսպեպտինի կլինիկական փորձարկումների շրջանակում իրականացված հետազոտության 53 մասնակիցները, ձվազատում խթանելու նպատակով, հորմոնի մեկ ներարկման են ենթարկվել: Արդյունքում 51 կանանց մոտ հասուն ձվաբջիջների արտազատում է արձանագրվել: Իսկ 49 մասնակիցները պարագայում փորձարկումը բարեհաջող բեղմնավորմամբ եւ սաղմի ներպատվաստմամբ է ավարտվել: 

Ավելի ուշ մասնակիցներից 12-ին հաջողվել է հղիությունը տրամաբանական ավարտին հասցնել՝ ինչը արտաարգանդային բեղմնավորման տեսանկյունից դրական արդյունք է համարվում:

Միացյալ Նահանգների ավելի քան 6,1 մլն բնակչուհիներ առաջնային անպտղությամբ են տառապում: Սա այն դեպքն է, երբ մեկ տարվա ընթացքում հղիանալու բոլոր փորձերն անհաջողության են մատնվում: Իսկ 2012թ.-ին իրականացված արտաարգանդային բեղմնավորումների թիվը 165 հազարից ավել է կազմում:

Կիսսպեպտինը, որ սովորաբար առկա է կնոջ օրգանիզմում, սեռական հասունության եւ վերարտադրողականության համար կարեւոր դերակատարում ունեցող հորմոններից մեկն է համարվում: Հղիության շրջանում կիսսպեպտինի ներկայությունն առավել ակնհայտ է դառնում, ուստի բժիշկները համոզված են, որ ձվազատում խթանող հորմոնի ներկարկումը չի կարող էական անդրադարձ ունենալ պտղի հետագա զարգացման վրա: 

Բացի այդ, խորիոնիկ գոնադոտրոպինը անմիջապես ձվարաններին ուղղությամբ շարժվելու հակում ունի, ինչը եւս կիսսպեպտինի պարագայում չի նկատվում: 

Հետազոտության հեղինակները մտադիր են առաջիկայում կիսսպեպտինի՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով տառապող կանանց պարագայում արդյունավետությունը ստուգել: Այս հիվանդության դեպքում ձվարանների հիպերխթանման համախտանիշի առաջացման վտանգը նշանակալիորեն բարձր է: