«Բնակչության բուժօգնության եւ սպասարկման մասին» օրենքում նախատեսվում է փոփոխությունների մի ամբողջ փաթեթ մտցնել, որոնք կօգնեն մի շարք բացթողումներ շտկել գործող օրենսդրության մեջ եւ կնպաստեն առավել արդյունավետ քաղաքականության մշակմանն առողջապահական ոլորտում: Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
Առաջարկվող փոփոխությունների շրջանակներում, մասնավորապես, ակնկալվում է բարելավել օրենսդրական կարգավորումն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում` ինչի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքները:
Առաջարկվող փոփոխությունները սահմանում են նաեւ բժշկական գաղտնիություն հասկացությունը եւ դրա պահպանման պահանջները, հստակեցնում են հիվանդների իրավունքների եւ պարտականությունների շրջանակը, օգնում են ավելի լավ կարգավորել փոխհարաբերությունները հիվանդների եւ բուժաշխատողների միջեւ: Նշվում է նաեւ, թե որ իրավիճակներում բուժաշխատողները պետք է հայտնեն իրավապահ մարմիններին հիվանդներին իրենց մոտ տեղափոխված հիվանդների մասին, եթե հիմքեր կան կարծելու, որ հիվանդները տուժել են բռնության կամ այլ ապօրինի գործողությունների արդյունքում:
Փոփոխությունների փաթեթը նաեւ իրավական հիմքեր եւ անհրաժեշտ կարգավորումներ է պարունակում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման եւ աշխատանքի համար, նշել է փոխնախարարը:
Մյուս առաջարկվող փոփոխություններն արտակարգ իրավիճակներից, ռազմական կամ ահաբեկչական գործողություններից տուժած անձանց կողմից բժշկական օգնություն ստանալու առանձնահատկությունների օրենսդրական կարգավորում են ենթադրում, ինչպես նաեւ սահմանում են պարտադիր դատաբժշկական փորձաքննության անցկացման դեպքերն ու ձեւերը:






