COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄԲ բոլոր վեց կլինիկաները Հայաստանում ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այդ որոշումն անհրաժեշտ էր վարակի տարածումը զսպելու համար, ինչպես նաեւ Հայաստանում քիչ չեն անզավակ զույգերը, որոնք ունեն ԱՄԲ-ի կարիքը, եւ նրանցից մի մասի տարիքը թույլ չի տալիս երկար սպասել։
Ե՞րբ կվերականգնվի այդ կլինիկաների աշխատանքը։
«Fertility Center»-ի հիմնադիր եւ տնօրեն, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ վերարտադրողական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մի քանի օր առաջ Վերարտադրողական առողջության եվրոպական ասոցիացիան հայտարարություն է արել, որի համաձայն՝ վերարտադրողական առողջության կենտրոնների գործունեությունն արդեն կարելի է վերսկսել։
Ըստ բժիշկ Համբարձումյանի՝ նոր խորհուրդներն արդեն թարգմանվել են հայերեն, եւ առաջիկայում առողջապահության նախարարությունը, ծանոթանալով դրանց հետ, կկարողանա կանաչ լույս ապահովել կլինիկաների համար։ Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայում նույնպես համարում են, կլինիկաների գործունեությունն այժմ իսկապես պետք է վերսկսել։
Բնականաբար, պանդեմիայի պայմաններում կլինիկաների գործունեությունը նախկինի պես չի լինի․ մասնագետը նշել է, որ նոր խորհուրդներով սահմանափակումներ կմտցվեն, անվտանգության կանոնների նկատմամբ նոր մոտեցումներ կսահմանվեն։
«Օրինակ՝ մենք պլանավորում ենք մի շարք միջոցառումներ, որոնք կօգնեն ապահովել առավելագույն անվտանգություն ե՛ւ պացիենտների, ե՛ւ բժիշկների համար։ «Fertility Center» մարդու վերարտադրողության կլինիկայի առանձնահատկությունը թույլ է տալիս կազմակերպել աշխատանքն այնպես, որ ոչ միայն պահմանվի պացիենտների որոշակի քանակ, այլ նաեւ կիրառվեն հակահամաճարակաբանական բոլոր միջոցառումները։ Դա ե՛ս սոցիալական հեռավորությունն է ու աշխատանքի ժամանակացույցը, որը թույլ է տալիս, որ պացիենտները միաժամանակ չստանան անհրաժեշտ աջակցությունը, ե՛ւ բժիշկների եւ պացիենտների անձնական պաշտպանիչ միջոցների ամբողջությունն է, ե՛ւ բժիշկների աշխատանքի շախմատային համակարգը, եւ այլն», - ասել է բժիշկ Համբարձումյանը։
Իսկ վտանագավոր չէ՞ արդյոք ԱՄԲ-ն եւ հղիություն պանդեմիայի պայմաններում։
Մասնագետը նշել է, որ հղի կանանց եւ նրանց երեխաների վրա կորոնավիրուսային վարակի ազդեցության մասին տվյալները դեռեւս շատ քիչ են, չէ որ խոսքը նոր վիրուսի մասին է, որը հայտնի է դարձել ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ըստ առկա տեղեկությունների՝ չկան հիմքեր կարծելու, որ հղի կնոջ վրա կորոնավիրուսի ազդեցությունը մեծապես տարբերվում է գրիպի կամ այլ այդօրինակ վիրուսների ազդեցությունից։ Որոշ մասնագետներ մտավախություններ ունեին, որ հղիները կարող են ավելի ընկալունակ լինել վարակի նկատմամբ թուլացած իմունիտետի պատճառով, սակայն դեռեւս դա հաստատված չէ, իսկ որոշ հետազոտությունների համաձայն՝ նրանք շատ ավելի հազվադեպ են վարակվում։
Ինչ վերաբերում է հարցին՝ արժե՞ արդյոք հղիանալ այս շրջանում, բժիշկ Համբարձումյանը նշել է, որ եթե խոսքը վերաբերում է երիտասարդ զույգին եւ եթե նրանք կարող են սպասել մի քանի ամիս, ավելի լավ է, իհարկե, չշտապել հղիության հարցում։ Եթե, սակայն, խոսքը վերաբերում է ավելի մեծ տարիքով մարդկանց, որոնց հաջողությամբ հղիանալու շանսերը նվազում են յուրաքանչյուր ամիս, ապա նրանց չի խրախուսվում սպասել։ Բնականաբար, երկու դեպքում էլ չի կարելի մոռանալ պանդեմիայի պայմաններում անվտանգության կանոնների մասին։ Եւ այդ մասին հիշել անհրաժեշտ է 9 ամիս։






