Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսի ախտորոշման մոտ 70 հազար թեստ, նախատեսվում է Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում արտադրել եւս մոտ 100 հազար: Մոտակա 3-4 ամսում թեստերը կբավականացնեն: Այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է ռապիդ թեստերին, չի նախատեսվում դրանցից ավելի շատ գնել, քանի որ ճշգրտությունն անբարար է: Եղած ռապիդ թեստերն օգտագործվում են փակ հաստատություններում սքրինինգային հետազոտությունների համար:

Հայաստանում անցկացվող կորոնավիրուսի ախտորոշման թեստերի քանակությունը համադրելի է այնպիսի երկրներում թեստավորման թվի հետ, ինչպիսին են Ճապոնիան եւ Իտալիան: Ըստ նախարարի՝ խոսքը COVID-19-ի դրական դեպքերի հայտնաբերման եւ անցկացված թեստերի հարաբերակցության մասին է:

Հայաստանում այսօրվա դրությամբ անցկացվել է 24 941 թեստավորում, որից 765-ը՝ վերջին մեկ օրում: Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Հայաստանում մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում կորոնավիրուսի ախտորոշման 8417 թեստ:

Նախարարի խոսքով՝ իհարկե, կան երկրներ, որտեղ շատ ավելի են թեստեր անցկացնում. օրինակ՝ ԱՄԷ-ում թեստավորում են 10 անգամ ավելի շատ մարդկանց, քան Հայաստանում: Մեր երկրում, սակայն, ըստ նախարարի, իրավիճակը, միեւնույն է, վատը չէ:

Արսեն Թորոսյանը հավելեց, որ Հայաստանում թեստավորման հնարավորություններն աճում են, բայց խնդիրն այն է, որ այդպիսի հետազոտությունների անցկացման համար անհրաժեշտ է 3 կարեւոր բաղադրիչ՝ սարքավորում, անձնակազմ եւ անվտանգությունն ապահովելու հնարավորություն: Երկրի գրեթե բոլոր լաբորատորիաները, որտեղ կան 3 բաղադրիչները, արդեն ներգրավված են կորոնավիրուսի թեստավորման աշխատանքին:

Հիշեցնենք, որ Հայաստանում աճում են կորոնավիրուսի տարածման տեմպերը, մեկ օրում գրանցվել է վարակման 121 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 1393 մարդ: Ապաքինվել է 1071 մարդ (վերջին մեկ օրում՝ 36 մարդ): Մահացել է 39 պացիենտ (վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 4-ով):