Հայտնի գիտնական, պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանը, ով գենետիկայի ոլորտում հետազոտություններով է զբաղվում Ինդոնեզիայում, ստեղծել է սննդային հավելում, որն օգնում է կենդանիների մոտ կորոոնավիրուսի դեմ պայքարին։ Կարծիք կա, որ այն կարող է արդյունավետ լինել նաեւ մարդկանց համար։ Այսպիսի կարծիք FAST-ի հետ Futures Studio-ի «Համաշխարհային կարգը համավարակից հետո․ սցենարներ եւ տրանսֆորմացիաներ» վեբինարի ժամանակ հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը շնորհավորեց Յոզեֆ Բաբիկյանին ծննդյան օրվա կապակցությամբ եւ ցանկացավ նրան հաջողություններ բոլոր գործերում։

Նա նաեւ նշեց, որ պրոֆեսոր Բաբիկյանը Rhea Pharmaceutical լաբորատորիա է հիմնադրել նաեւ Երեւանում, որտեղ նույնպես սկսել են վերոնշյալ սննդային հավելումն արտադրել։

Նշենք, որ պրոֆեսոր Բաբիկյանը ներկայում առաջատար գիտնական է Charoen Pokphand Indonesia ընկերությունում։ Դա խոշորագույն, բազմաֆունկցիոնալ ընկերություն է, որը գործում է Թաիլանդում, Չինաստանում եւ Ինդոնեզիայում։ Ամբողջ աշխարհում գործունեության արդյունքում ընկերության շրջանառությունը կազմում է ավելի քան 60 մլրդ դոլար։