Մարտի սկզբից մինչեւ մայիսի 6-ը Երեւանի «շտապ օգնությունը» հոսպիտալացրել է կորոնավիրուսի կասկածով 2333 պացիենտի: Այս մասին լրագրողներին հայտնեց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ շտապօգնության աշխատակիցները չեն ախտորոշում կորոնավիրուսային ինֆեկցիան. դա հնարավոր է անել միայն հիվանդանոցում, ուստի այդ հիվանդության կասկածով (ջերմություն, ՍՇՎ ախտանիշներ, թոքաբորբի կասկած) պացիենտներին հոսպիտալացնում են: Այսպես, 2 ամսում հոսպիտալացվել է 2333 պացիենտ, բայց ամենեւին ոչ բոլորի մոտ է COVID-19-ը հաստատվել:
Թագուհի Ստեփանյանը հավելեց, որ մայիսի 4-ից հետո, երբ կարանտինային ռեժիմի մեղմացում մտցվեց, շտապօգնության կանչերի թիվը չի աճել: Եթե հունվար-փետրվարին օրական գրանցում էին մոտ 900-950 կանչ, ապա վերջին օրերին եղել է գրեթե 600-650 կանչ:
Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ այս թիվը բավականին ցածր է, քանի որ նույնիսկ գրիպի եւ ՍՇՎ սեզոնից դուրս, շտապ օգնությունը միջինը ստացել է մոտ 700-750 կանչ, հատկապես մեքենաների պարկի թարմացումից հետո:





