Եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները։ Նման կարծիք է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է ԱՆ մամլո ծառայությունը, նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է կենտրոնների ինֆորմացիոն հասանելիությանը, մասնավորապես՝ որքան ազատ և զբաղված մահճակալ կա:
«Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա»,- նշել է Արսեն Թորոսյանը:
Բուժհաստատությունների ղեկավարները փաստել են, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը հիմնականում բաժին է ընկնում վերակենդանացման բաժանմունքներին:
Նախարարն ընդգծել է, որ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները: Նա նաև կենտրոնների ղեկավարներին կոչ է արել հետևողական լինել պացիենտների բուժման ընթացքին և հատուկ ուշադրություն դարձնել դուրսրգրումներին:






