Գիտնականները վերլուծել են նոր կորոնավիրուսի ավելի քան 10 հազար նմուշների կառուցվածքը, որոնք վերցվել են աշխարհի տարբեր տարածաշրջաններից, եւ առանձնացրել են այս վիրուսի 6 հիմնական տարատեսակներ: Նրանք իրենց եզրահանգումները հարապարակել են bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ալգորիթմ ենք ստեղծել, որի միջոցով կարելի է արագ սեքվենիրացնել եւ խմբերի մեջ միավորել արագ տարածվող համաճարակների հարուցիչների ամբողջական գենոմները: Այս մեթոդի օգտագործմամբ մենք ուսումնասիրել ենք SARS-CoV-2-ի 10,4 հազար շտամներ եւ պարզել, որ գոյություն ունեն այս վիրուսի 6 կլոնային խմբեր, որոնք շրջանառվում են աշխարհում»,- նշում են գիտնականները:

COVID-19 համավարակի առաջին օրերից գիտնականները փորձում են հասկանալ, թե այս հիվանդության հարուցիչ SARS-CoV-2-ը ինչպես եւ ինչ ուղղությամբ է էվոլյուցիայի ենթարկվում: Առայժմ հայտնի է, որ այս վիրուսը մուտացիաները կուտակում է գրեթե նույն արագությամբ, ինչ եւ գրիպի հարուցիչը: Սակայն դեռեւս հավաստի տեղեկություններ չկան այն մասին, թե այս մուտացիաներն ինչպես են ազդում վիրուսի վարակելիության եւ վտանգավորության վրա:

Մարտի սկզբին չինացի մանրէաբանները պնդում էին, որ վիրուսը կարող է բաժանվել 2 ենթատեսակի՝ S եւ L, որոնք տարբերվում են ե՛ւ ախտանիշների սրությամբ, ե՛ւ տարածման արագությամբ: Սակայն ամենեւին ոչ բոլորն էին համաձայն այս կարծիքին. որոշ գիտնականներ դրանում կասկածում էին՝ նշելով, որ վիրուսի ընդհանուր գենոֆոնդում փոփոխությունները կարող էին առաջացնել տարբեր պատահական պրոցեսներ, այլ ոչ թե SARS-CoV-2-ի այդ ենթատեսակների վարակելիության ռեալ տարբերությունները:

Իսկ մայիսին Բրիտանիայից եւ Ավստրալիայից գիտնականները ցույց տվեցին, որ մարդկային պոպուլյացիայում շրջանառվում է վիրուսի միանգամից երեք տարատեսակ:

Փենսիլվանիայի համալսարանից (ԱՄՆ) Փոլ Փլենեթի ղեկավարությամբ համաճարակաբաններն ուսումնասիրել եւ համեմատել են նոր տեսակի կորոնավիրուսի ավելի քան 10 հազար գենոմներ, որոնց նմուշները վերջին 6 ամսում վերցվել են աշխարհի տարբեր երկրներում հիվանդությունից առողջացած մարդկանց մարմիններից:

Տեղեկությունների այսպիսի մեծ հավաքածուի վերլուծության համար գիտնականներն օգտվել են հատուկ ալգորիթմից, որը հաշվի առնելով տվյալների ամբողջ գենետիկ բազան՝ դրանցից հեռացնում էր գենոմի այն հատվածները եւ գեների այն ֆրագմենտները, որոնք ամբողջությամբ համընկնում էին կամ նույնական էին ֆունկցիոնալության տեսակետից: Գիտնականներին այս կերպ հաջողվել է նազեցնել վերլուծվող տվյալների ծավալը եւ բակտերիային ԴՆԹ-ում կամ վիրուսային ՌՆԹ-ում անջատել այն տարբերակները, որոնք սպիտակուցների կամ ազդանշանային մոլեկուլների կառուցվածքը փոխում են յուրահատուկ կերպով, ինչպես նաեւ ազդում են դրանք կրողների կենսագործունեության բնույթի վրա:

Գիտնականները նույն մեթոդի միջոցով COVID-19-ի հարուցիչները միավորել են 6 խոշոր միություններում, այսպես կոչված՝ կլոնային խմբերում, որոնք բաղկացած են միմյանց ազգակից բակտերիների եւ վիրուսների շտամներից:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այս խմբերի ներկայացուցիչները աշխարհագրականորեն անչափ անհավասարաչափ են տեղաբաշխված: Օրինակ՝ СС256 եւ CC258 խմբերից վիրուսները հանդիպում են հիմնականում ԱՄՆ-ում, СС70 եւ CC225 խմբերի ներկայացուցիչները՝ Եվրոպայում, իսկ Հարավային Ամերիկայի տարածքում տարածվում է CC300 խմբից «եվրոպական» կորոնավիրուսը: