Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերին կբացվի կորոնավիրոային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք:

Հունիսի 9-ին, աշխատանքային այց կատարելով Մարտունու բժշկական կենտրոն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղում ծանոթացավ նորաստեղծ բաժանմունքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին եւ տեխնիկական ու կադրային հագեցվածության հետ կապված խնդիրներին:

Ինչպես ներկայացրեց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, նորաստեղծ բաժանմունքը գործելու է թեթեւ եւ միջին ծանրության հիվանդների համար 30, իսկ ինտենսիվ թերապիայի համար մինչեւ 10 մահճակալ հզորությամբ: Բուժսպասարկումը կիրականացվի տեղի մասնագետների ուժերով:

Բաժանմունքն ունենալու է առանձին մուտք, բարեկարգվում է նաեւ բաժանմունք տանող ճանապարհը:

«Այս քայլը ձեռնարկվել է ՀՀ կառավարության եւ մեր համատեղ նախաձեռնությամբ: Նկատի ունենալով մեր մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը եւ ստեղծված իրավիճակը՝ նպատակահարմար համարեցինք ստեղծել այս բաժանմունքը, որպեսզի կարողանանք տեղում բուժօգնություն ցուցաբերել մեր քաղաքացիներին: Բոլոր ուղղություններում աշխատում ենք արագացված տեմպերով՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Անելու ենք հնարավորը, որպեսզի առաջիկա օրերի ընթացքում բաժանմունքը սկսի ընդունել հիվանդների: Այն կսպասարկի հիմնականում մեր մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ Արցախի եւ Հայաստանի այլ մարզերի բնակիչներին»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: