ԱՀԿ նոր հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերկհովեի հայտարարությունն այն մասին, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի ասիմպտոմ ընթացքով մարդիկ մյուսներին «շատ հազվադեպ» են վարակում, հարուցել է շատ մասնագետների վրդովմունքը:

Վերջերս տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ մասնագետը հստակեցրել է ԱՀԿ դիրքորոշումը ինֆեկցիայի ասիմպտոմ կրողների կողմից վարակելու հնարավորության մասին, հայտնում է CNN-ը:

Պատասխանելով համացանցում տրված հարցերին՝ Մարիա Վան Կերկհովեն մատնանշել էր հետազոտությունը, որի համաձայն՝ COVID-19-ի նոր դեպքերի մոտ 40 տոկոսն ասիմպտոմ է ընթանում: Սակայն այդ թվերը ստացվել էին ոչ թե իրական տվյալների վերլուծությամբ, այլ մոդելավորման ճանապարհով, այս պատճառով Վան Կերկհովեն նախկինում դրանց մասին չէր խոսել:

Մասնագետը նաեւ հայտարարել է, որ իր խոսքը սխալ է հասկացվել, ավելին՝ պնդումները, որոնք ինքն արել էր կիրակի, ԱՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը չեն:

Վան Կերկհովեն հստակեցրել է, որ ինֆեկցիայի տարածման գործում ասիմպտոմ կրողների դերի մասին ստույգ տվյալներ չկան, սակայն որոշ չհրապարակված հետազոտություններ ցույց են տվել, որ COVID-19-ի նոր դեպքերի միայն աննշան քանակությունն է կապված մարդկանցից վարակվելու հետ, որոնք ախտանիշներ չեն ունեցել:

«Վարակումների մեծ մասը, որոնք մեզ հայտնի են, վերաբերում են ախտանիշներով մարդկանցից վիրուսով կաթիլների միջոցով ինֆեկցիայի փոխանցմանը: Բայց կա մարդկանց խումբ, որոնց մոտ ախտանիշներ չեն զարգանում, եւ մենք հիմա ստույգ չգիտենք, թե այս երեւույթը որքանով է զանգվածային բնույթ կրում,- ասել է Վան Կերկհովեն: - Ես օգտագործել եմ «շատ հազվադեպ» արտահայտությունը եւ կարծում եմ, որ  թյուրըմբռնում կլիներ պնդել, որ գլոբալ մասշտաբներով ասիմպտոմ փոխանցումը շատ հազվադեպ է»:

Նա հավելել է, որ հավաստի տեղեկություն կա, որ կորոնավիրուսով վարակված, բայց ախտանիշներ չունեցող մարդիկ իսկապես կարող են վարակել մյուսներին: Սակայն անհրաժեշտ է պարզել, թե որքան մեծաթիվ են այդպիսի մարդիկ եւ նրանցից որքան շատ մարդ է ինֆեկցիան մյուսներին փոխանցում: