«Նաիրի» բժշկական կենտրոնը, համաճարակի առաջին իսկ օրերից, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, ակտիվ ընդգրկվել է COVID-19 հիվանդների վաղ հայտնաբերման, ճշգրիտ ախտորոշման գործընթացում: 

Ինչպես հայտնում են «Նաիրի» ԲԿ-ից, համաձայն ՀՀ առողջապահության նախարարության չափորոշիչների, ախտորոշված հիվանդները, ելնելով էպիդեմիոլոգիական իրավիճակից, ուղեգրվել են մասնագիտացված կլինիկաներ՝ ստացիոնար բուժման նպատակով:

Այնուհետև, բուժկենտրենը ստացել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից ցուցում. նախապատրաստել ընդհանուր մահճակալային ֆոնդի 10%-ը՝ որպես ռեզերվային մահճակալային ֆոնդ՝ ստեղծելով էպիդեմիոլոգիական ռեժիմին համապատասխան մեկուսարաններ:

Սակայն, հաշվի առնելով, որ վերոնշյալ մեկուսարանները չեն գտնվում առանձին մասնաշենքում, չունեն առանձին մուտք և ելք՝ դրանց օգտագործումը COVID-19 հիվանդների ստացիոնար բուժման համար կիրականացվի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Հարկ է նշել, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը սերտ համագործակցում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ, որը վերջերս ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով 100 մահճակալային ֆոնդով ընդգրկվեց COVID-19 հիվանդների ստացիոնար բուժման ծրագրում:

Հաշվի առնելով այս փաստը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնն այս պահին իրականացնում է ոչ կովիդային հիվանդների անհետաձգելի բժշկական օգնությունը։

Հարգանքով՝ «ՆԱԻՐԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ՝ ՆԱՐԻՆԵ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ