Սիրիան բախվել է կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին մեծ թվով խնդիրների հետ: Լաբորատոր հնարավորությունների պակասի պատճառով այդ հիվանդությունը ախտորոշվում է՝ հիմնվելով պացիենտների ախտանիշների վրա: Այս մասին Futures Studio-ի հետ համատեղ կազմակերպված, Ավրորա մարդասիրական նախաձեռնության՝ «COVID-19-ի քրոնիկան. հերոսները առաջնագծում» թեմայով վեբինարի ընթացքում հայտարարեց CADUS-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Ավրորա» մրցանակի փորձագիտական խորհրդի անդամ Սեբաստիան Յունեմանը:

Նրա խոսքով՝ Սիրիայում այսօր կան լուրջ խնդիրներ՝ կապված լաբորատոր հնարավորությունների հետ: Եթե Գերմանիայում ամեն օր հազարավոր թեստեր են անցկացվում, ապա Սիրիայում նման հնարավորություն չկա, այստեղ կորոնավիրուսի վիճակագրությունը հիմնված է ախտանիշների, այլ ոչ թե լաբորատոր ախտորոշման վրա:  

«Մեր աչքերը կարծես կապված լինեն: Մենք կորոնավիրուսն ախտորոշում ենք ախտանիշներով, այլ ոչ թե լաբորատորիայում»,-ասաց մասնագետը:

Սեբաստիան Յունեմանի խոսքով՝ այսօր մեկ այլ լուրջ խնդիր է սարքավորումների պակասը: Սահմանների փակ լինելու պատճառով դժվար է դարձել սարքավորումներ ներկրելը: Ավելին, միջազգային անձնակազմից շատ աշխատակիցներ չեն կարողանում Սիրիա մեկնել:

Նշենք, որ worldometers.info-ի տվյալներով՝ Սիրիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 152 եւ մահվան 6 դեպք: