Կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի բոլոր բուժկենտրոնները ներգրավելը սխալ է։ Նույնիսկ եթե կան բուժկենտրոններ, որոնք պատրաստ են կամ ցանկանում են զբաղվել COVID-19-ով պացիենտների բուժմամբ, դա դեռ չի նշանակում, որ նրանք պիտի դա անեն։ Այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ժամանակ։
«Դա սխալ է, հարգելի գործընկերներ, խնդիրում եմ, մի տրվեք այդ գայթակղությանը՝ COVID-ը բոլոր բժշկական կենտրոններ մտցնելու։ COVID-ը վարակիչ հիվանդություն է, այլ ոչ թե մի պարզ պրոցեդուրա, որը կարելի է անել նույնիսկ ոչ բժշկական հաստատություններում»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ բոլոր բուժհաստատությունները չեն ներգրավվելու COVID-ի դեմ պայքարում մի քանի պատճառներով․ առաջին՝ ոչ բոլոր հիվանդանոցները ունեն պայմաններ վարակիչ հիվանդությունների բուժումը ճիշտ կազմակերպելու համար։ Երկրորդ՝ բազմաթիվ հիվանդանոցներ զբաղվում են այլ հիվանդությունների բուժմամբ, եւ դրանք պակաս կարեւոր կամ պակաս վտանգավոր չեն, քան կորոնավիրուսը։ Նախարարի խոսքով՝ չի կարելի բոլոր այլ հիվանդությունները անտեսել միայն այն պատճառով, որ «հիվանդանոցը ուզում է COVID-ով զբաղել»։
«Ավելին ասեմ՝ հակառակ մեղադրանքներ էլ էին հնչում մի ամիս առաջ, երբ հիվանդանոցներում բռնկումներ էին գնում՝ COVID-ով պացիենտից պացիետ, պացիենտից բժիշկ, բժիշկից պացիենտ։ Հենց դրա համար է, որ հիվանդանոցները որոշվում են՝ որոնք մասնակցեն, որոք չմասնակցեն, եւ այդ ցանկը պարբերաբար փոխվում է։ Չի բացառվում, որ եթե, օրինակ, իրավիճակի լավացում լինի, որոշ հիվանդանոցներ դադարեն զբաղվել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ Բայց միանշանակ է մի բան՝ մենք չենք կարող ամբողջ առողջապահական համակարգը դնել սրա տակ՝ հիվանդանոցային մահճակալների իմաստով։ Պոլիկլինիկականը կարող ենք եւ պետք է դնենք, բայց մահճակալները պետք է լինեն տարանջատված»,- ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով՝ եղել է հիվանդանոց, որը ասել է, որ պատրաստ է 20 մահճակալ տրամադրել COVID-ով պացիենտների բուժման համար։ Սակայն խնդիրն այն է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավում են մեծ հիվանդանոցները, որոնք ունեն մեծ ռեանիմացիոն եւ կադրային ներուժ։ Եվ այս պահի դրությամբ, նախարարի խոսքով, չկան հիվանդանոցներ, որոնք համապատասխանում են բոլոր պայմաններին, սակայն ներգրավված չեն։
«Իսկ 20 մահճակալ առանց ռեանիմացիայի, ինտենսիվ թերապիայի պարզապես անհրաժեշտ չի, որովհետեւ եթե այնտեղ պետք է թեթեւ կամ միջին ծանրության պացիենտներ պառկեն, իրենք կարող են նաեւ տանը պառկել՝ անհրաժեշություն չկա նրանց հիվանդանոց բերել։ Ես կարծում եմ՝ այս թեման արհեստականորեն է ուռճացվել որոշ շրջանակների կողմից։ Բայց ժամանակը ցույց կտա, որ մենք ճիշտ էինք»,- ասաց Թորոսյանը։






