Հայաստանում կորոնավիրուսային վարակից մահացած պացիենտներից 15-ը (մահերի 6 տոկոսը) չեն ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն։ Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Սա գալիս է նորից մեզ սթափեցնելու, զգոնացնելու, որ չկա որեւէ մեկը, որ ունի 100 տոկոսանոց երաշխիք, կամ շատ մեծ երաշխիք, որ ինքը չի ունենալու ծանր ընթացք կամ դժբախտաբար չի մահանալու այս հիվանդությունից։ Մենք միշտ ասում ենք, որ երիտասարդները, երեխաները ավելի թեթեւ են տանում, բայց մենք փաստացի ունենք արդեն մահվան այնպիսի դեպքեր, երբ քաղաքացին երիտասարդ է եւ քրոն հիվանդություններ է ունեցել։ Ինչպես նաեւ ոչ այնքան երիտասարդ, բայց առանց քրոնիկական հիվանդությունների մահվան դեպքեր ենք ունեցել», - ասաց նա։

Նախարարի խոսքով՝ կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ բազմաթվ քաղաքացիներ չգիտեն, որ քրոնիկական հիվանդություններ ունեն։ Շատերը դեռ չեն էլ պատկերացնում, որ, օրինակ, շաքարային դիաբետ կամ զարկերակային գերճնշում ունեն։

«Այս երկու քրոն հիվանդություններն են, որ հանգեցնում են ծանր հետեւանքների եւ մահվան կորոնավիրուսային հիվանդության դեպքում», - ասաց նախարարը, հավելելով, որ շատ հաճախ այս հիվանդությունները կորոնավիրուսային վարակով պացիենտների մոտ ախտորոշվում են արդեն ստացիոնարում։

Արսեն Թորոսյանը կոչ արեց քաղաքացիներին ստուգել զարկերակային ճնշումը եւ արյան մեջ շաքարի պարունակությունը։ Առաջինը կարելի է անել տան պայմաններում, երկրորդը՝ պոլիկլինիկայում, կամ նույնիսկ տանը, եթե կա գլյուկոմետր (արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափող ապարատ):

Նախարարի խոսքով՝ դեռ դժվար է ասել, թե ինչքան կտեւի այս պանդեմիկ իրավիճակը, եւ հիմա շատ կարեւոր է գոնե եղած քրոնիկական հիվանդությունները կառավարելի պահել։

«Եթե մենք դեպի առողջություն չթեքվենք ազգովի, եւ ամեն մեկս մեր մակարդակում, մենք ավելի ռիսկի տակ ենք լինելու այս վարակիչ հիվանդության եւ ընդհանրապես մնացած բոլոր վարակիչ հիվանդությունների դեպքում», - ասաց նախարարը։