Վերջին տարիներին ավելի շատ երիտասարդ ընտանիքներ են դիմում գինեկոլոգի եւ սեքսապաթոլոգի, ովքեր կարող են բացահայտել անպտղության պատճառը եւ համապատասխան բուժում նշանակել: Այս մասին հայտնեց դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

«Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների երկիրը, որտեղ անպտղության ցուցանիշը 15%-ից մեծ է, կանգնած է լուրջ խնդրի առջեւ, եւ Հայաստանը դրանց թվին է պատկանում»,- պատմեց սեքսապաթոլոգը, ավելացնելով, որ  Հայաստանում այս ցուցանիշն արդեն անցել է 15%-ի շեմը:  Շահրամանյանի կարծիքով տղամարդու անպտղությունը «ժանգի»  նման խանգարում է ընտանեկան երջանկությանը, եւ փաստացի այն ժամանակին չի հայտանբերվում:

«Սովորաբար անպտղության մեջ մեղադրում են կանանց, մինչդեռ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս խնդիրը հավասարապես հանդիպում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ» : Եթե ընտանիքում այս բնույթի խնդիր է առաջանում, եւ զույգը մեկ տարվա ընթացքում չի կարողանում երեխա ունենալ, ապա մասնագետի օգնությունը պարտադիր է: Հայաստանում տղամարդիկ, անպտղության մեջ մեղադրելով  իրենց կանանց, չեն ցանկանում ստուգումներ կատարել եւ ստվերի տակ են մնում, մինչդեռ այն բանից հետո, երբ պարզվում է, որ կինն առողջ է եւ խնդիրը տղամարդու մեջ է, ոչ ոք չի հավատում՝ պնդելով, որ «իրենց ազգում ոչ մեկ նման խնդիր չի ունեցել»:

«Հաճախ տղամարդկային անպտղության պատճառը պատահական սեռական հարաբերություններ են արտերկրում աշխատանքի ժամանակ: Միշտ պետք է պահպանակ օգտագործել»,- ընդգծեց սեքսապաթոլոգը, նշելով , որ գազավորված ըմպելիքները, նեղ, անորակ, սինթետիկ հագուստն, ինչպես նաեւ ֆաստֆուդը բացասական են ազդում տղամարդկանց վերարտադրողական համակարգի վրա: Որպեսզի տղամարդը կարողնա հայր դառնալ, իր կյանքի ընթացքում նա պետք է չծխի, չչարաշահի ալկոհոլը, ինչպես նաեւ հաճախ սնվի ծովամթերքներով , բանջարեղենով եւ մրգերով, քանի որ սնունդը կարող է հորմոնալ խանգարումների պատճառ դառնալ:  

Շահրամանյանը նաեւ ավելացրեց, որ  ցուրտ եղանակին երիտասարդ աղջիկներն ու տղաները պետք է տաք հագնվեն՝ հետագայում անպտղություն չունենալու համար: Բացի այդ, երիտասարդ տղաներին նա խորհուրդ է տալիս վարել ակտիվ եւ առողջ կենսակերպ, հակառակ դեպքում ավելորդ քաշը կարող է ազդել տղամարդկային առողջության վրա: