Ոտքերի վիճակը կարող է վկայել սրտի կաթվածի առաջացման բարձր ռիսկի մասին՝ վտանգավոր վիճակ, որը պայմանավորված է սրտի մկաններին արյան մատակարարման սուր անբավարարությամբ։ Ինչպես պնդում են Բրիտանիայի Ազգային առողջապահության ծառայության (NHS, National Health Service) մասնագետները, նախանշաններից մեկը գուլպաների թողած հետքերն են ոտքերի վրա, հաղորդում է Express-ը։

Սրտի եւ անոթների խնդիրների այլ ախտանշաններից կարող են լինել ոտքերի մաշկի կապտելը, մանուշակագույն ցանցի ձեւավորումը, դեղնավուն գոյացությունները մաշկի վրա։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ ոտնաթաթերի այտուցին, որը նույնպես կարող է հուշել սրտի խնդիրների մասին։ Ոտքերը սովորաբար այտուցվում են հյուսվածքներում հեղուկի բարձր պարունակության պատճառով։

Նկատելով այտուցված ոտնաթաթերը եւ գուլպաների թողած հետքերը՝ անհրաժեշտ է հետեւել ցանկացած այլ նախանշաններին։ Դա կօգնի հստակ պարզել՝ կապվա՞ծ է արդյոք խնդիրը սրտի հետ, եւ արդյունքում ձեռնարկել լուծման համար միջոցներ անհրաժեշտության դեպքում, խորհուրդ են տալիս մասնագետները։