Շատերը կարծում են, որ երեխաների կաթնատամները պետք չէ բուժել, չէ՞ որ դրանք միեւնույն է ընկնելու են, իսկ դրանց փոխարեն նոր ատամներ են աճելու: Սակայն շատ ատամնաբույժներ պնդում են, որ նման մոտեցումը սխալ է եւ նույնիսկ վնասակար: Այն մասին, թե ինչու չարժե անտեսել երեխաների կաթնատամների խնդիրները, լրագրողներին պատմեց ատամնաբույժ Արթուր Փափազյանը:
Նրա համոզմամբ՝ թեպետ կաթնատամները «ժամանակավոր» ատամներ են, դրանք շատ մեծ դեր են խաղում երեխայի ծնոտի ճիշտ եւ լիարժեք զարգացման մեջ, այդ պատճառով, կաթնատամների կարիեսն ու վնասվածքները կարող են նույնիսկ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել, քան մշտական ատամների հիվանդությունները:
Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե երեխայի կաթնատամները չբուժվեն: Խնդիրները, մասնագետի խոսքով, զանազան են եւ տարբեր բնույթներ կարող են ունենալ: Օրինակ, փոքր կարիեսը հետագայում կարող է լուրջ թերապեւտիկ խնդիրներ առաջացնել, որոնց պատճառով երեխայի դիմածնոտային համակարգը կարող է անկանոն զարգանալ, իսկ ծնոտները՝ դեֆորմացվել: Դրա հետեւանքով ատամնաշարը կարող է ծռվել, իսկ կծվածքը՝ խախտվել:
Շատ մասնագետների պնդմամբ ցանկալի է, որ երեխան կորցնի իր կաթնատամները 9-10 տարեկանում; եթե ատամները թափվում են կամ հեռացվում են ավելի շուտ՝ կարիեսի պատճառով, հնարավոր խնդիրներից մեկը մարսողության խախտումն է, քանի որ երեխային առանց ատամների դժվար է լինում նորմալ ծամել պինդ ուտելիքները: Բացի այդ, վարակները կաթնատամներից կարող են նաեւ փորանցվել հիմնական ատամներին:
Արթուր Փափազյանը նշեց նաեւ, որ վերջին տարիներին ծնողներն ասես ավելի գիտակից են դարձել, եւ ատամնաբույժները ստիպված չեն երկար բացատրել նրանց, որ երեխաների կաթնատամները նույնպես բուժման կարիք ունեն:






