Այն ամենն, ինչ պոտենցիալ վտանգ է պարունակում երեխայի համար, պետք է լինի նրա համար անհասանելի բարձր տեղում կամ փակի տակ՝ թեյնիկները, դեղերը, կենցաղային քիմիան։ Դիցուք, կոյուղին մաքրող միջոցները կամ չպետք է պահվեն տանը, ուր փոքր երեխա կա, կամ էլ պետք է նրա համար  անհասանելի վայրում լինեն։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանը, մեկնաբանելով դեղերից երեխաների թունավորման վերջին դեպքերը։ Ըստ նրա, սա սովորական անվտանգության կանոններ են, բայց մարդիկ հաճախ դրանք անտեսում են։

Մասնավորապես, բժշկի խոսքով, թեյնիկներն ու դրանց լարերը պետք է այնպիսի տեղում լինեն, որ երեխան դրանց չհասնի։ Եթե տանը ճաշ է եփվում, ապա այն պետք է եփվի սալօջախի ետնամասում։

«Նույնը կարելի է ասել դեղերի մասին։ Նրանք պետք է պահվեն ամենաբարձր դարակներում, ուր երեխան չի կարող հասնել նույնիսկ աթոռի կամ կահույքի այլ պարագաների վրա կանգնած։ Կամ նրանք պետք է փակի տակ լինեն՝ հիմա հատուկ չբացվող դարակներ կան, կամ փակով տուփեր։ Իհարկե, նույնիսկ այս պարագայում գերադասելի է դրանք բարձր տեղում պահել, քանի որ կարելի է մոռանալ տուփը կողպել», - ասաց բժիշկը, հավելելով, որ երեւացող տեղում դեղերը ոչ մի դեպքում չպետք է լինեն, քանի որ երեխաները հետաքրքրասեր են, եւ նրանք նմանակում են մեծերին, ովքեր իրենց աչքի առաջ դեղ են խմում։

Այս անվտանգության կանոններին պետք է հետեւել, եթե տանը մինչեւ 6-7տարեկան երեխա կա։ «Երեխաները տարբեր են լինում, մեկը հինգ տարեկանից է արդեն գիտակից, մյուսը՝ յոթ։ Այն, ինչ հեռու է աչքից, չի գայթակղի երեխային, իսկ այն ինչ աչքի առաջ է՝ ուշադրություն է գրավում, սա է սկզբունքը», - ասաց նա։

Բժշկի տվյալներով, հաճախակի են երեխաների թունավորումները կենցաղային քիմիայի միջոցներով , որոնք պահվում են լոգասենյակում ներքեւի դարակում։ Այդ միջոցներն այսօր աչքի ընկնող փաթեթավորում ունեն, երեխաները վերցնում են, խաղում, եւ նույնիսկ փորձում համը։ «Իսկ արդյունքում կարող է լինել կերակրափողի ստենոզ։ Նրանք, իհարկե, ողջ կմնան, բայց դա սարսափելի բան է, երեխաները երկար ժամանակ ոչինչ չեն կարողանում ուտել, միայն խմել, պահանջվում է երկարատեւ բուժում , կերակրափողի պլաստիկ վիրահատություն, իսկ կերակրափողի վիրահատությունները ամենաբարդերից են», - ասաց Ա. Խաչատրյանը։

Մանկաբույժը նաեւ հիշեցրեց, որ որոշ սննդամթերքներ եւս պետք է երեխաներից հեռու պահել, օրինակ, սպիրտը կամ քացախը, քանի որ երեխաները կարող են դրանք պատահաբար խմել։

Հիշեցնենք, որ օրերս Հայստանում գրանցվել էր երեխաների դեղերից թունավորման երեք դեպք՝ ներեխաներից  երկուսը հոսպիտալացվել են։