ԱՄՆ-ում 82-ամյա տղամարդը մահացել է վտանգավոր ինֆեկցիայի հետեւանքով, որով վարակվել իր թաղարային բույսից։ Այս դեպքը նկարագրվել է New England Journal of Medicine գիտական ամսագրում։

Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, այգեգործությամբ էր հրապուրվել, հայտնում է Daily Star պարբերականը։ Թաղարային բույսերից մեկը խնամելիս նա վարակվել է  ազատ ապրող ամեոբաներով, որոնք բնակվում են հողի մեջ։

Միկրոօրգանիզմները հայտնվել են նրա ուղեղի մեջ եւ վարակում առաջացրել։ Տղամարդը 2 շաբաթ շարունակ անսովոր թուլություն է զգացել, այնուհետեւ հոսպիտալացվել է։ Միաժամանակ ուղեղի ախտահարման պատճառով դադարել է գործել տղամարդու մարմնի աջ հատվածը եւ սկսվել են մտավոր խանգարումներ։ Պացիենտն ավելի ուշ մահացել է։

Այս դեպքի վերաբերյալ հաշվետվության մեջ նշված է, որ պացիենտի հիվանդության զարգացման պատմության մեջ կար B-բջջային լիմֆոմա՝ արյան քաղցկեղի տարատեսակ, բայց 10 տարուց ավելի հիվանդությունը ռեմիսիայում էր։

Ազատ ապրող ամեոբան առաջացնում է հազվագյուտ, բայց ծանր հիվանդություններ, այն մարդու համար մահացու վտանգավոր է։ Վարակման ախտանիշները ներառում են գլխացավեր, հոգեվիճակի խանգարումներ, տենդ, գլխապտույտ եւ սրտխառնոց, երբեմն փսիխոզ։ Վարակման դեպքերի մեծամասնությունը չի ախտորոշվում մինչեւ դիահերձում կատարելը։