Գեղարվեստի դպրոցի երկու մեծ սրահներում դրված են տուփեր եւ տոպրակներ՝ սնունդով, ջրով, հագուստով եւ կենցաղային տարբեր իրերով: Ամեն րոպե այստեղ են գալիս մարդիկ՝ ավելի ու ավելի շատ նվիրատվություններ բերելով Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տուժածների համար: Ակտիվիստների մեծ խումբը հազիվ է հասցնում դասավորել ամեն ինչ եւ տեղավորել դրանք մեքենաների մեջ, որոնք օգնությունը կհասցնեն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է:

«Մենք վաղը առավոտյան կգանք», - ասում է ինչ-որ մեկը երիտասարդ տղաների եւ աղջիկների խմբից: Արտաքինից նրանք հազիվ 15-16 տարեկան են: Արդեն երեկո է, եւ նրանք ամբողջ օրը աշխատել են՝ ուտելիքը, ընպելիքը եւ հագուստը տուփերի մեջ տեղավորելով:

«Դասերը բաց մի թողեք, դասերից հետո եկեք, - պատասխանում է նրանց կազմակերպիչներից մեկը: - Ուսումը նույնպես շատ կարեւոր է»:

«Հայ» ասոցիացիայի «Հայ զինվոր» նոր նախաձեռնությանը արձագանքողները շատ ավելի շատ են, քան կարելի էր պատկերացնել: Ասոցիացիայի հիմնադիր Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շատ մարդիկ են պատրաստակամություն հայտնում իրենց օգնելու` իրերով, սնունդով կամ որպես ակտիվիստ, նույնիսկ 12 տարեկան երեխաները գալիս են եւ հարցնում, թե ինչով կարող են օգտակար լինել:

«Վերջերս մեզ էր դիմել հաշմանդամի սայլակով մի մարդ, որը կորցրել էր երկու ոտքերը: Հիմա նա արդեն գնացել է, իսկ մինչ այդ օգնում էր ինչով կարող էր»:

«Հայ զինվոր» նախաձեռնության նպատակը Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տուժած արցախցի խաղաղ բնակիչներին օգնելն է:

«Այսօր Հայաստանի եւ Արցախի սահմանները պաշտպանող զինվորներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով: Բայց քանի որ մեր հակառակորդը ստորաբար կրակում է խաղաղ բնակիչների վրա, նրանցից շատերը օգնության կարիք ունեն: Մեր տղաներն այժմ պաշտպանում են սահմանները, եւ մենք չենք կարող անտարբեր մնալ տեղի ունեցողի հանդեպ, ուստի մենք հավաքում ենք անհրաժեշտ ամեն ինչ՝ թշնամական գործողություններից տուժած քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար», - ասում է Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը:

Մինչ նա պատմում է նոր նախաձեռնության մասին, մոտենում է մի տարեց տղամարդ՝ ձեռքին մեծ տոպրակ: Նա ասում է, որ տաք հագուստ է բերել, հարցնում է` ուր տանել: Լսելով իր հարցի պատասխանը՝ նա անսպասելի արագ քայլերով շտապում է շենք:

«Եթե մենք դեռ սահմանին չենք, պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ թիկունքում օգնենք մեր եղբայրներին եւ քույրերին», - ասում է Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը:

Ասոցիացիայի բազան այժմ գտնվում է Բագրատունյաց 5 հասցեում: Այնտեղ կարելի է տանել հագուստ, սնունդ, շշերով ջուր, անձնական հիգիենայի պարագաներ եւ առօրյա կյանքում անհրաժեշտ այլ իրեր:

Նշենք, որ սա «Հայ» ասոցիացիայի երրորդ խոշոր ծրագիրն է: Առաջին տարին չէ, որ ասոցիացիան իրականացնում է «Հայ մանուկ» ծրագիրը, որի շրջանակներում այն օգնում է Հայաստանում անզավակ զույգերին` ֆինանսավորելով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը: Այս ծրագրի շնորհիվ շատ անզավակ զույգեր վերջապես ծնող են դարձել:

COVID-19 համավարակի հետ կապված կարանտինի ամենաթեժ ժամանակ ասոցիացիան սկսել է նաեւ «Հայ տարեց» նախագիծը, որի շրջանակներում կամավորները սնունդ եւ առաջին անհրաժեշտության իրեր են տանում անմիջապես նրանց տները, ոպեսզի նրանք մեկ ամիս կարողանան դուրս չգալ տնից:

Տեղեկատվություն դրամական նվիրատվություն կատարել ցանկացողների համար.

Շահառուի բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ

Շահառուի անվանում` «ՀԱՅ» ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղ

Շահառուի հաշվեհամար` 1570060074860100

«Նպատակ» դաշտում պարտադիր պետք է նշել՝ հանգանակություն «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» նախագծին, ստացող դաշտում նշել՝ «ՀԱՅ» ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղ։

Դրամահավաքին միանալու համար ներբեռնեք հավելվածը`

iTunes: https://itunes.apple.com/us/app/association-hay/id1367431145?mt=8

Google Play: https://play.google.com/store/apps/details?id=com.asociacion.hay

Web page http://asociacionhay.org/donate/project/1

GoFundMe:

https://www.gofundme.com/f/r7jeat-artur039s-campaign-for-hye-north-america-inc?utm_source=whatsapp&utm_medium=chat&utm_campaign=p_cf%20share-flow-1&fbclid=IwAR1K8iDPDHiAvQ-VIOiz8CaEuU8LBgHr-5foNTsjj9pVyHOcAvyzAfqJvGQ