Միանշանակ՝ ոչ։ Համավարակի ընթացքում ամենավտանգավորը դիմակ չկրելն է, ասում են մասնագետները:

Դիմակ կրելը, իհարկե, կարող է որոշակի անհարմարություն ստեղծել, բայց այն, որ դիմակն իբր կարող է ածխաթթու գազից թունավորում առաջացնել, բժշկությունից հեռու մարդկանց կողմից համացանցում տարածվող հերթական առասպելն է:

«Դա առողջության համար վտանգավոր չէ, բոլորովին վտանգավոր չէ»,- ասում է Ջորջիայի համալսարանի հանրային առողջապահության քոլեջի բիոինֆորմատիկայի ինստիտուտի ժամանակավոր տնօրեն Թրեւիս Գլենը:

Մարդու կողմից արտաշնչվող թթվածնի եւ ածխաթթու գազի մոլեկուլը զգալիորեն ավելի փոքր է, քան վիրուսի չափը, որից դիմակը պաշտպանում է, ինչպես պարզաբանում է Վաշինգտոնի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների եւ արեւադարձային բժշկության կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Փոլ Փոթինջերը:

Ուստի դիմակները, ըստ նրա, «անկասկած անվտանգ են շնչառական կամ գազափոխանակության տեսակետից»:

Փոթինջերի խոսքով՝ ծանր աշխատանք կատարելու ընթացքում բժիշկներն ու բուժքույրերը երկար ժամեր բժշկական դիմակներ են կրում: Շինարարության վրա աշխատողները հաճախ նույնպես դիմակներ են կրում ֆիզիկական աշխատանք կատարելիս: Նրանցից ոչ ոք դեռ չի մահացել ածխաթթու գազի թունավորումից: