Ղարաբաղյան հակամարտության՝ ռազմական ճանապարհով լուծման փորձը իր մեջ պարունակում է տարածաշրջանային, ինչպես նաեւ գլոբալ անվտանգությունը խարխլելու մեծ պոտենցիալ: Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է լինի միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Հայ եւ արտերկրի լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բազմիցս նշվել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է լինի միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Եվ մեր իշխանությունները բազմիցս դրա մասին ասել են: Բազմիցս նաեւ նշվել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման փորձը ռազմական ճանապարհով իր մեջ պարունակում է տարածաշրջանային, ինչպես նաեւ գլոբալ անվտանգությունը խարխլելու մեծ պոտենցիալ:

Եվ դրանով պայմանավորված՝ ես վստահ եմ, որ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական կենտրոնները, մեր ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը, որպես ռազմավարական գործընկեր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ինչպես նաեւ մյուս համանախագահները՝ Ֆրանսիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեզնից քիչ չէ, որ շահագրգռված են այստեղ կայուն իրավիճակ ունենալու մեջ եւ անում են ամեն ինչ, որպեսզի այդ իրավիճակը ստանան:

Հետեւաբար, կարծում եմ, որ լուծումը միայն դա է: Վստահ եմ, որ նրանք, ներդնելով իրենց ջանքերը, ինչպես նաեւ տեսնելով մեր տրամադրվածությունը, մեր բանակի ուժը, հասնելու են բարենպաստ լուծման մեր համար»,- ասաց նախարարը: