Ադրբեջանն այսօր առավոտյան վերսկսել է Ստեփանակերտի ռմբակոծությունը, Արցախի մայրաքաղաքի տարածքում նորից տրվել են օդային տագնապները: Այս պայմաններում գրեթե անհնար է դառնում մի շարք ծառայությունների անխափան աշխատանքը, եւ շատերը շարունակում են անել իրենց գործը՝ վտանգելով սեփական կյանքը: Այս մասին հայաստանյան եւ արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք առնվազն բժշկական մասով, բժշկական ծառայությունները ապահովելու մասով, բնակչության անվտանգության մասով որեւէ տարբերություն չենք տեսնում երեկվա եւ այսօրվա միջեւ»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրավիճակը Ստեփանակերտում այսօր՝ երեկվա համեմատ ավելի՞ հանդարտ է:
Նրա խոսքով՝ շատ կարեւոր է ծառայությունների անխափան աշխատելը քաղաքացիական բնակչության համար, որը գրեթե անհնար է դառնում նման ռմբակոծությունների արդյունքում:
«Ես օրինակ բերեմ. գրեթե ամբողջ օրը տարբեր թաքստոցներում լինելով, ես ինքս վերջում արդեն հասկանալով, որ միգուցե օդային տագնապը այդպես էլ չավարտվի, իսկ ես պետք է տեղաշարժվեմ, ստիպված եմ եղել տեղաշարժվել նույնիսկ օդային տագնապի պայմաններում՝ վտանգելով թե՛ իմ, թե՛ գործընկերների կյանքը:
Նույնը տեղի է ունենում բոլոր ծառայությունների հետ, որոնք պետք է ապահովեն կենսական ծառայությունների աշխատանքը, եւ հատկապես բժշկական: Երբ, օրինակ, շտապօգնության մեքենան կարիքավոր մարդու (ի դեպ ոչ միայն վիրավոր, օրինակ, սրտամկանի ինֆարկտով, որովհետեւ քաղաքացիական բնակչության այլ բժշկական խնդիրները չեն վերանում պատերազմի ժամանակ) տեղափոխում է հիվանդանոց կամ հիվանդանոցից մեկ այլ հիվանդանոց, կարող է հարված ստանալ բալիստիկ հրթիռից, հրետանուց կամ նույնիսկ անօդաչուներից, ինչը, կրկին ասում եմ, անթույլատրելի է եւ դատապարտելի»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով Ստեփանակերտի ռմբակոծության ժամանակ կիրառվող արգելված զինատեսակներին, նախարարը նշեց.
«Չլինելով ռազմական փորձագետ եւ զինատեսակների մեջ շատ խորը չհասկանալով, հիմնվում եմ գործընկերներիս տեսակետի վրա: Ես ինքս տեսել եմ քանդված եւ ավերված շենքեր եւ շինություններ: Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ վնասը պատճառվել է ոչ արգելված զինատեսակներով (ինչի մասին շատ է խոսվում, որ դրանք արգելված զինատեսակներով են պատճառվել), դա կրկին անընդունելի է: Իսկ արգելված զինատեսակների մասով, մեր պաշտպանության գերատեսչության գործընկերները մանրամասները ներկայացնում են՝ թե՛ ֆոտո-վիդեո ապացույցներով, թե՛ կոնկրետ դեպքերով»:






