Ավստրալիայից կնոջ մոտ գլխացավը, պարզվել է, ուղեղի մեջ ժապավենաձեւ որդերի ներթափանցման նշան է եղել, հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կինը 7 տարի տառապել է միգրենից: Ամսական 2-3 անգամ նրա մոտ ուժեղ գլխացավեր են սկսվել, որոնք ժամանակավոր անցել են դեղերի միջոցով: Սակայն մի անգամ կնոջ մոտ գլխացավը չի անցել գրեթե 1 շաբաթ, նրա տեսողությունը վատացել է, որից հետո կինը որոշել է բժշկի դիմել:
Գլխուղեղի տոմոգրաֆիան ցույց է տվել, որ գլխացավերի պատճառը ոչ թե ուռուցքն է, այլ ժապավենաձեւ որդերը: Դրանք հաջողությամբ հեռացրել են:
Դեպքը նկարագրվել է The American Journal of Tropical Medicine and Hygiene ամսագրում: Դա առաջին դեպքն է Ավստրալիայում, երբ պարազիտներ են գտել տեղի բնակիչներից մեկի մոտ, ով երբեք արտասահման չի մեկնել: Ավելի վաղ պարազիտներ էին հայտնաբերել ներգաղթյալների եւ զբոսաշրջիկների մոտ, ովքեր ժամանել էին Աֆրիկայից, Ասիայից եւ Լատինական ԱՄերիկայից:
Ժապավենաձեւ որդերը հազվադեպ են ուղեղի մեջ հայտնվում։ Ձվերը կարող են օրգանիզմի ներսում ապրել եւ որեւէ ախտանշան չառաջացնել, քանի դեռ չեն հասել բավական մեծ չափերի։ Այդ դեպքում նրանք կարող են սպառնալ վարակվածի առողջությանը եւ կյանքին։






