COVID-19-ի բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է վերահսկել թթվածնի մակարդակն արյան մեջ: Նման կարծիք «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ինֆեկցիոնիստ Գալինա Գոլցմանը:

Ըստ նրա` կորոնավիրուսի առաջացրած հիվանդության ծանր զարգացումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը սատուրացիային` թթվածնով արյան հագեցվածությանը հետեւելն է:

Վերահսկել այն կարելի է պուլսօքսիմետրի` մատին կցվող փոքրիկ սարքի միջոցով: «Եթե թթվածնի հագեցվածության մակարդակը 94-ից ցածր մակարդակի իջնի, դա կարող է կորոնավիրուսի ծանր զարգացման նշան լինել: Անհրաժեշտ է շտապ դիմել հիվանդանոց` հետեւանքներից խուսափելու համար»,- ասել է մասնագետը:

Ըստ նրա` ամենից հաճախ արյան մեջ թթվածնի մակարդակի իջեցումն ուղեկցվում է շնչառական դժվարություններով: Սակայն որոշ մարդիկ կարող են բացասական ախտանիշներ չզգալ նույնիսկ թթվածնի շատ ցածր մակարդակների դեպքում: Այս դեպքում հիմնական ռիսկն այն է, որ մարդը կարող է չնկատել, որ իր մոտ կորոնավիրուսային վարակի ծանր ձեւ է զարգանում:

Եթե ​​COVID-19-ը մեղմ ձեւով է ընթանում, ապա այն պետք է բուժել սովորական գրիպի նման. մասնագետը խորհուրդ է տալիս շատ հանգստանալ, տաք ըմպելիքներ օգտագործել եւ, անհրաժեշտության դեպքում, պարացետամոլի հիմքով ջերմիջույց դեղամիջոցներ օգտագործել: