Գրանցվել է երկրորդ անգամ վարակվելուց հետո կորոնավիրուսի հետեւանքով աշխարհում առաջին մահը։ Այս դեպքը նկարագրվել է Oxford University Press-ում։

Եղած տեղեկությունների համաձայն՝ Նիդերլանդներից 89-ամյա կինը, որը բուժվում էր Վալդենստրեմի մակրոգլոբուլինեմիայի դեմ (լիմֆոմայի հազվագյուտ տեսակ), տարեսկզբին տենդով եւ ուժեղ հազով հոսպիտալացվել էր անհետաձգելի օգնության բաժանմունքում։ ՊՇՌ թեստով հաստատվել էր, որ նա վարակված էր կորոնավիրուսով։ Ստացիոնարում 5 օր բուժվելուց հետո շնչառական բոլոր ախտանիշները վերացել էին, մնացել էր միայն քրոնիկական հոգնածությունը։

Երկու ամիս հետո՝ Վալդենստրեմի մակրոգլոբուլինեմիայի բուժման շրջանակում քիմիաթերապիայի նոր կուրսը սկսելուց հետո 2 օր անց բարձրացել էր պացիենտի ջերմությունը, հայտնվել էր հազ եւ ուժեղ հեւոց, հայտնում է Medportal.ru-ն։ Սատուրացիան (արյան հագեցվածությունը թթվածնով) 90 տոկոսից ցածր էր, շնչառության հաճախությունը՝ րոպեում ընդամենը 40։ Կորոնավիրուսի ախտորոշման թեստը կրկին դրական էր եղել, պացիենտի մոտ հակամարմիններ չէին հայտնաբերվել։ Պացիենտի վիճակը 8-րդ օրը վատթարացել է, իսկ 2 շաբաթ հետո նա մահացել էր։

Մասնագետները կատարել են պացիենտի քսուքի մեջ կորոնավիրուսի նմուշների անալիզ եւ հաստատել, որ առաջին եւ երկրորդ վարակումների ժամանակ գտնված վիրուսի գենետիկ բաղադրությունը տարբեր էր։ Սա նշանակում է, որ այս դեպքում խոսքը հենց երկրորդ անգամ վարակվելու մասին է։

Այսօրվա դրությամբ աշխարհում պաշտոնապես հայտնաբերվել է կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու միայն 23 դեպք։