SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցերով տարածաշրջանային տնօրեն Դորիթ Նիցանը։

«Կորոնավիրուսի տեսակներն ու ձեւերը ցույց են տալիս, որ համավարակի ոչ մի երկրորդ ալիք չկա»,- ասել է նա։

Մասնագետի խոսքով՝ տարբեր երկրներում համաճարակը տարբեր կերպ է ընթանում․ ինչ-որ տեղ հիվանդացածների թիվն աճում է, ինչ-որ տեղ՝ նվազում։ Նիցանի հավաստիացմամբ՝ ԱՀԿ-ն ուշադիր հետեւում է իրավիճակի ամենօրյա փոփոխություններին։

Նիցանը նաեւ նշել է, որ COVID-19-ը շարունակում է մնալ անչափ վտանգավոր հիվանդություն։ Շատերը, սակայն, դա չեն հասկանում այն պատճառով, որ ծայրահեղ ծանր ձեւով հիվանդացել է բնակչության ընդամենը 5 տոկոսը։

«Բայց այդ 5 տոկոսը շատ ուժեղ է տառապում, նրանց կյանքը սպառնալիքի տակ է, սա դժվար է ասել, բայց նրանց համար անչափ ծանր է»,- ասել է մասնագետը։