Ցանկանում եք մազերի գո՞ւյնը փոխել: Իսկ երբեւէ մտածե՞լ եք, որ կարող եք մազի ներկի ալերգիա ունենալ: Ամերիկյան դերասանուհի, «Ծովային ոստիկանություն» հեռուստասերիալի հերոսուհի Պոլի Պերետը նույնպես, շատերի նման, նախազգուշական միջոցառումներ չէր ձեռնարկել, եւ կարճ ժամանակ անց հիվանդանոցում հայտնվեց: Ընդ որում, դեպքը մեկ շաբաթ առաջ է պատահել, հաղորդում է FoxNews-ը:
«Շտապ օգնության բաժանմունքից եմ գալիս: Սարսափելի էր: Գլուխս սեխի նման ուռել էր…», - ի վերջո հիվանդանոցից դուրս գրվելուց հետո սոցկայքերից մեկի էջին գրել էր դերասանուհին եւ, որպես ապացույց, այտուցված դեմքի լուսանկարը հրապարակել:
«Բոլոր նրանց, ովքեր մազերի ներկ են օգտագործում, խոսքը հատկապես սեւ գույնի մասին է, խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել ախտանշանների նկատմամբ», - նշել է նա՝ տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ընթացքում:
Դերասանուհուն զարմանք է պատճառել այն հանգամանքը, որ 20 տարի շարունակ ներկել է մազերը, ընդ որում՝ նույն՝ սեւ գույնի ներկով, եւ մինչեւ բոլորովին վերջերս ոչ մի անգամ խնդիրներ չեն ծագել: Միայն վեց ամիս առաջ էր, որ պարանոցին եւ գլխամաշկին ցան նկատեց: Ընդ որում, ախտանշանները յուրաքանչյուր անգամ մազերը ներկելիս առավել ակնհայտ էին դառնում:
«Իրականում մազի ներկի ալերգիան բավականին հազվադեպ բնույթ է կրում: Թերեւս 250 հազար մարդուց ընդամենը մեկի մոտ նման երեւույթ կարելի է նկատել», - նշել է հանրահայտ մաշկաբան, «Մաշկի կանոնները» գրքի հեղինակ դոկտոր Դեբրա Ջելիմանը՝ հավելելով, որ համապատասխան ախտանշանները որոշ մարդկանց մոտ մազերի ներկի առաջին իսկ օգտագործման դեպքում կարող են ի հայտ գալ, որոշների մոտ էլ՝ տարիներ անց:
«Մարդու իմունային համակարգը պետք է շփման մեջ մտնի այս կամ այն նյութի հետ՝ պարզելու համար, թե արդյոք այն կարող է ալերգիա առաջացնել: Կախված համակարգի զգայունության մակարդակից՝ ալերգիայի արտահայտման համար անհրաժեշտ ժամանակահատվածը փոփոխական կարող է լինել», - նշել է նա:
Ասել է, թե՝ եթե տարիներ առաջ եք առաջին անգամ ներկ օգտագործել, սակայն ներկայումս ամեն անգամ մազերի գույնը փոխելիս մաշկի կարմրություն, այտուցվածություն, այրոց եւ քոր եք զգում, չի կարելի ալերգիայի հավականությունը բացառել: Հնարավոր է՝ իմունային համակարգի համբերության «բաժակն եք լցրել», եւ ներկի շարունակական օգտագործման դեպքում կարող եք լուրջ խնդրի առաջ կանգնել:
«Այդուհանդերձ, եթե ալերգիան այլեւս գլուխ է բարձրացրել, մաշկային բշտիկներ կարող են առաջանալ, որոշ դեպքերում էլ անաֆիլակտիկ շոկի նմանվող ծանր շնչառություն կարող է նկատվել: Նման դեպքերում հարկավոր է մաշկաբանի օգնությանը դիմել եւ անմիջապես, արեւադարձային քսուքների կամ անտիհիստամինների օգնությամբ, անհրաժեշտ բուժումը ստանալ», - նշել է դոկտոր Ջելիմանը:
Մազերի ներկի ալերգիայի առաջացման հիմնական մեղավորը պարաֆենիլենդիամին անունը կրող քիմիական միացությունն է, որը գույնի երկարատեւ պահպանման նպատակով է կիրառվում: Այն ոչ միայն գրեթե բոլոր ներկերի բաղադրիչն է կազմում, այլ առանձին դեպքերում կարող է նաեւ գեղեցկության սրահներում օգտագործվել: Ընդ որում, ինչպես մասնագետն է նշել, ներկի գույնը բոլորովին էլ նշանակություն չունի՝ Պոլի Պերետի պարագայում ցանկացած գույնի ներկը կարող էր սպասված արդյունքին հանգեցնել:
Հայտնի մաշկաբանը խորհուրդ է տալիս առաջին անգամ մազերը ներկելիս նախապես ալերգիայի բացակայությունը ստուգել. մարդկանց մեծ մասի մոտ այն հենց առաջին օգտագործման արդյունքում է ի հայտ գալիս: Մասնավորապես, հարկավոր է մաշկի մի փոքր հատվածի վրա ներկ քսել եւ 48 ժամ սպասել: Եթե ալերգիային հատուկ ախտանշաններ ի հայտ գան, մասնագետը հորդորում է միայն ու միայն բնական միջոցներով մազերը ներկել: Որպես օրինակ, դոկտոր Ջելիմանը EcoColors ընկերության կողմից թողարկվող խնան է մատնանշել:
Կարեւորը՝ չմոռանաք, որ մազի ներկի նկատմամբ ամենաթույլ ռեակցիան անգամ կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել: «Մանավանդ, եթե այլ նյութերի նկատմամբ ալերգիա ունեք», - զգուշացնում է մասնագետը:






