Խոլերայի համաճարակը հյուսիսային Կամերունում երկու ամսվա ընթացքում 65 մարդու կյանք է խլել, վարակվածների թիվը, ենթադրաբար, հասել է 1300-ի։ Այդուհանդերձ, Էբոլա տենդի բռնկման պատճառով մասնագետների ուշադրությունը այս պահին այլ երկրների վրա է սեւեռված, որտեղ այդ վարակը արդեն 700 մարդ է սպանել։ Սակայն Կամերունում իրավիճակը եւս լարված է, հաղորդում է Reuters-ը, հավելելով, որ խոլերայի բուժմանը խանգարում են Բոկո Հարամ միավորման իսլամիստները։

Անցյալ շաբաթ վարակման 185 նոր դեպք է գրանցվել։ Հիվանդության էպիկենտրոնները գտնվում են Կամերունի եւ Նիգերիայի սահմանին։ Առջեւում անձրեւների սեզոնն է, ինչը կարող է էլ ավելի վատթարացնել վիճակը։

Վարակման առաջին դեպքերը գրանցվել են ապրիլի վերջին։ Այդ ժամանակվանից ի վեր Նիգերիայից  իսլամիստների եւ կառավարական զորքերի ընդհարումների պատճառով 60000 փախստականներ են ժամանել Կամերուն, Նիգեր եւ Չադ։ Նրանցից մի մասը խոլերայի կրողներ էին։ Նիգերիայում տարվա սկզբից խոլերայով վարակվածների թիվը կազմել է 24683 մարդ։