Աշխարհում կորոնավիրուսից մահվան օրական դեպքերի նոր ռեկորդ է գրանցվել. մահացել է 9763 մարդ:

Ինչպես նշում է Bloomberg-ը` վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները, COVID-19-ի համավարակն արագացել է: Օրինակ` Հունաստանում, չնայած հայտարարված մասնակի լոքդաունին, կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի առավելագույն թիվ է գրանցվել` 2.646 մարդ: Միացյալ Նահանգներում այս ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 100.000-ը, շատ նահանգներում հիվանդանոցներն արդեն գերբծանրաբեռնված են:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել էր կարանտինը կրճատելու ռիսկերի մասին կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ շփվելուց հետո: Մասնագետների կարծիքով, կարանտինի տեւողությունը 14-ից 10 կամ 7 օր կրճատելը մեծացնում է փոխանցման ռիսկը վարակակիրների հետ շփվողների համար: ԱՀԿ-ն շարունակում է 14-օրյա կարանտին խորհուրդ տալ յուրաքանչյուրին, ով շփվել է հիվանդի հետ:

Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի` ամբողջ աշխարհում 48.438.944 մարդ է վարակվել կորոնավիրուսով, որից 1.231.026-ը մահացել է, իսկ 34.674.519-ն ապաքինվել են: Աշխարհում վարակված մարդկանց բացարձակ թվով առաջատարներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը եւ Ֆրանսիան: