Բժիշկները չպետք է ծխելը թողնել ցանկացողներին խորհուրդ տան անցնել էլեկտրոնային ծխախոտների, պնդում են ամերիկացի գիտնականները։ Հյուսիսային Քարոլինայի համալսարանի հետազոտողները կարծում են, որ անհրաժեշտ են էլեկտրոնային սիգարետների լրացուցիչ ուսումնասիրություններ, քանի որ դրանք էլ կարող են մարդու առողջությանը վնաս հասցնել։
Մասնագետները պատահական կերպով 128 բժշկի շրջանում հարցում են կատարել, պարզելու համար նրանց վերաբերմունքը էլեկտրոնային ծխախոտներին։ Հարցված բժիշկների երկու երրորդն (67%) ասել է, որ էլեկտրոնային ծխախոտը այլընտրանքային տարբերակ է ծխելը թողնելու համար, եւ 35 տոկոսը դրանք խորհուրդ են տալիս իրենց պացիենտներին։ «Հարցված բժիշկների մեկ երրորդը խորհուրդ է տալիս պացիենտներին էլեկտրոնային ծխախոտի անցնել ծխելու թողնելու համար, - ասել է պրոֆեսոր Լիա Ռեննին։ - Այնուամենայնիվ, էլեկտրոնային ծխախոտները FDA-ի (ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի որակի վերահսկմա վարչություն) կողմից հաստատված չեն։ Այդ պատճառով բժիշկները պետք է զերծ մնան նման խորհուրդներից մինչեւ էլեկտրոնային ծխախոտի անվնասության մասին ավելի շատ տեղեկություն ստանալը»։
Փորձագետները կարծում են, որ FDA-ն պետք է վերանայի էլեկտրոնային ծխախոտի մասին առկա տվյալները եւ հստակ ցուցումներ տա դրանց հնարավոր օգտագործման մասին։






