Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ է գրանցել. 7 օրվա ընթացքում աշխարհում նրանց թիվն աճել է 3.6 միլիոնով:
Ըստ ՏԱՍՍ-ի` մահվան դեպքերի թիվն աճել են ավելի քան 54.000-ով, ինչը 9000-ով ավել է անցած շաբաթվա համեմատ:
«Անցած շաբաթվա ընթացքում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 8 տոկոսով` կազմելով ավելի քան 3.6 միլիոն: Նոր դեպքերի ամենամեծ թիվը վերջին յոթ օրվա ընթացքում շարունակում է գրանցվել եվրոպական տարածաշրջանում, որտեղից հաղորդվել է վարակման նոր դեպքերի կեսից ավելիի (54 տոկոս) եւ մահվան նոր դեպքերի գրեթե կեսի (47 տոկոս) մասին»,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Https://www.worldometers.info/coronavirus/-ի համաձայն` աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 51.810.890 դեպք եւ 1.279.550 մահվան դեպք: Ապաքինվել է 36 395 976 հիվանդ:






