Զավեշտալի դեպքեր իր բժշկական պրակտիկայից NEWS.am Medicine-ին այս անգամ պատմել է ուրոլոգ Վահագն Աշուղյանը.
Երգող պացիենտը
Վահագն Աշուղյանը էնդոսկոպիկ վիրահատություն է արել մի պացիենտի, որն, ինչպես պարզվել է, աղանդավորական է։ Իսկ դա պարզ է դարձել այն բանից հետո, երբ տղամարդը միջամտության ժամանակ, որը կատարվում է առանց ընդհանուր անզգայացման, սկսել է երգել կրոնական երգեր։
Բժիշկն, իր գործն անելով, սկսել է խոսեցնել պացիենտին, որն էլ պատմել է, թե նրան հաճախակի է հայտնվում Աստված եւ խորհուրդներ տալիս։ Իսկ երբ Վ.Աշուղյանը հետաքրքրվել է, թե վերջին անգամ Աստված երբ է նրան հայտվել, եւ ինչ խորհուրդ է տվել, տղամարդը պատմել է հետեւյալը.
Նա իր տան վերանորոգման համար բանվորներին կատարած աշխատանքի դիմաց պետք է 500 դոլար վճարեր ։ «Քրիստոսն եկավ, ու ասաց, որ բանվորները գործն անորակ են արել, ու դու այդ փողը նրանց չպետք է տաս, ու ես չտվեցի», - պատմել է պացիենտը։
Այդ պահին բժիշկը գործիքը ձեռքից վայր է դրել, ուշադիր նայել է պացիենտին ու զգուշությամբ հարցրել. «Այսօր հո Աստված քեզ չի՞ հայտնվել, բան չի՞ ասել», ու լսելով տղամարդու բացասական պատասխանը, թեթեւացած շունչ քաշել. «Փառքդ շատ, Տեր Աստված»։
Բժիշկը՝ տարբեր կաբինետներում
Վահագն Աշուղյանը միաժամանակ աշխատում էր եւ պոլիկլինիկայում, եւ հիվանդանոցում։ Պոլիկլինիկայի կաբինետը շատ վատ վիճակում էր, իսկ հիվանդանոցինը՝ վերանորոգված եւ կահավորված։ Մի օր նրա մոտ պոլիկլինիկա մի տղամարդ է եկել, որը չի ցանկացել նորմալ իր գանգատները ներկայացնել, ուրոլոգն էլ, կարգի համաձայն, ուղարկել է նրան անալիզ տալու։ Մի քանի օր անց այդ նույն տղամարդը այցելել է նրան հիվանդանոցում, բայց տեղը չի բերել, որ այստեղ նույն մարդն է։ Ու սկսել է շատ աշխույժ ձեւով ներկայացնել իր գանգատները։ Աշուղյանի այն հարցին, թե դուք մինչ այսօր բժշկի դիմել եք, տղամարդն արհամարհական տոնով ասել է, թե հա, պոլիկլինիկա է դիմել, բայց մի ջահել բժիշկ էր, գլուխ չհանեց։ «Բժիշկ ջան, ես ոնց կարող եմ համեմատել նրան քեզ հետ», - ասել է տղամարդը։ «Մի հատ լավ նայի, հեչ համեմատելու բան չկա՞», - ծիծաղելով հարցրել է բժիշկը։
«Փչացած հեռախոս»
Մի օր հերթապահության ժամանակ գործընկերներից մեկը զանգահարել է Վ. Աշուղյանին եւ հարցրել. «Դուք տա՞նը կաթետեր դնում եք»։ Բժիշկը դրական պատասխան է տվել, եւ սպասել, թե իրեն երբ պետք է կանչեն կաթետեր դնելու, բայց այդպես էլ ոչ ոք այդ խնդրով չի դիմել։
Հաջորդ օրը, հանդիպելով զանգահարող գործընկերոջը, հարցրել է, թե ինչ եղավ այդ կաթետերի խնդիրը, գործընկերն էլ պատասխանել է, թե անասնաբույժի են տարել, հարցը լուծվել է։ Երբ բժիշկը զարմացած հարցրել է, թե անասնաբույժն այստեղ ինչ կապ ուներ, գործընկերը զարմացած հակադարձել է, թե բա շան համար ո՞ւմ պետք է դիմեին։ Փաստորեն, նա զանգել եւ հարցրել էր. «Շա՞նը կաթետեր դնում եք», իսկ Աշուղյանը լսել էր «տանը»։ Ահա այսպիսի «փչացած հեռախոս»։






