Բոլորին հայտնի է, որ մայրական կաթը երեխայի համար ամենասննդարարն ու օգտակարն է։ Նոր հետազոտության հեղինակները նաեւ հայտնաբերել են, որ կրծքի կաթով սնված երեխաների անոթներն ու սիրտը հետագա կյանքում ավելի լավ պաշտպանված կլինեն։

Ըստ հետազոտության հեղինակների՝ 3 եւ ավելի ամիսների ընթացքում միայն մայրական կաթով սնված երեխաների մոտ նկատելիորեն նվազում են շաքարախտ եւ այլ մետաբոլիկ հիվանդություններ առաջացնող քրոնիկ բորբոքումների հավանականությունը։ Բացի այդ, նրանց արյան մեջ նվազում են C-ռեակտիվ պրոտեինները (CRP), որոնց պատճառով զարկերակները սովորաբար խցանվում եւ վնասվում են։

Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Մոլլի Մեթսգերը (Molly Metzger) պնդում է, որ կրծքի կաթի դրական ազդեցությունը մարդիկ կարող են զգալ տարիներ անց։ Նրա խոսքով՝ մայրական կաթը իրոք նվազեցնում է արյան մեջ վտանգավոր սպիտակուցների քանակը՝ գրեթե չզիջելով CRP-ի քանակությունը նվազեցնող հատուկ դեղամիջոցներին։