Բոլոր երեխաները սիրում են քաղցրավենիք, սակայն ոմանց մոտ այն կարող է ալերգիկ ցան առաջացնել։ Բալթիմորում բնակվող 18 ամսական Էվան Գրայմսի (Evan Grimes) մոտ քաղցրավենիքից, ինչպես նաեւ շատ այլ մթերքներից, ոչ թե սովորական ցան է լինում, այլ շատ վտանգավոր ալերգիա, որը կարող է զրկել երեխային տեսողությունից կամ նույնիսկ սպանել նրան, եթե նա հակաալերգիկ դեղամիջոցներ չընդունի։
Առաջին անգամ այս տարօրինակ ալերգիան տղայի մայրը, Տոյան, նկատել է, երբ երեխան դեռ 2 ամսական էր։ Նրա մարմնի վրա ուժեղ ցան էր ի հայտ եկել, եւ նա այնքան էր քորել, որ վերքերից արյուն էր եկել։ Սկզբում ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչից էր այդ ալերգիան առաջանում, սակայն հետո պարզվել է, որ Էվանի օրգանիզմը չի կարող տանել կիտրոնաթթուն, որը առկա է գրեթե բոլոր տեսակի քաղցրավենիքներում, հյութերում եւ հացերում։

Բայց դա դեռ ամենը չէր։ Երբ երեխային վերջապես համապատասխան անալիզներ արեցին, պարզվեց, որ նա 46 ալերգիա ունի՝ գրեթե բոլոր մրգերի, քաղցրավենիքի, մի շարք բանջարեղենների, մսատեսակների, կաթնամթերքի եւ բրնձի տեսակների հանդեպ։ Կենդանիների հետ շփվելիս նրա մոտ նույնպես ալերգիկ ռեակցիա է լինում։
Կա միայն 11 «անվտանգ» մթերք, որոնք Էվանի մոտ ալերգիա չեն առաջացնում։ Այժմ երեխայի մայրը փորձում է կերակրել նրան միայն այդ մթերքներով եւ պատմում է Dailymail.co.uk –ին, թե ինչքան է վախենում, որ երեխան առանց իր իմանալու կարող է ուտել ինչ-որ «արգելված» բան եւ լուրջ խնդիրներ ունենալ։






