Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով 22-ամյա հղի կինը ստիպված էր ծննդաբերել առանց բժշկական օգնության։

Կնոջը, որը հայտնի է որպես Դ․, պետք է կեսարյան հատում կատարեին, հայտնում է Asia One-ը։ Սակայն վիրահատությունից կարճ ժամանակ առաջ կատարվել է նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտորոշման շտապ թեստ, որը դրական է եղել։ Նրան տեղափոխել են առանձին հիվանդասենյակ, որ չվարակի մյուս պացիենտներին, եւ դեղ են տվել։ Դրանից հետո նրա կողքին եղած բուժքույրը հեռացել է, հայտնում է «Լենտան»։

Պացիենտի մոտ շուտով սկսվել են երկունքի ցավերը, բայց նա ամբողջ 45 րոպե մենակ է մնացել։ Երկար տեւած բղավոցներից հետո վերջապես նրա մոտ են եկել։ Սակայն ասել են, որ բժիշկը, որը պետք է ընդուներ պացիենտի ծնունդը, զբաղված է այլ վիրահատությամբ։

Արդյունքում կինը ստիպված էր ծննդաբերել միայնակ մնալով։ Հիմա ծննդկանը եւ նրա նորածին դուստրը իրենց լավ են զգում։

Երկրի իշխանությունները տեղեկացել են միջադեպի մասին եւ հանձնարարել հիվանդանոցներից մեկը վերասարքավորել ծննդատան COVID-19-ով վարակված հղիների համար։