Օքսիտոցինը՝ այսպես կոչված «սիրո հորմոնը», կարող է օգնել աուտիզմով տառապող մարդկանց ավելի հեշտ շփվել եւ ճիշտ ընկալել դիմացինի զգացմունքները եւ դեմքի արտահայտությունը։ Այս եզրակացությանն են եկել ճապոնացի գիտնականները՝ իրենց անցկացրած հետազոտության արդյունքում։
Աուտիզմով տառապող մարդիկ դժվարությամբ են շփվում այլ մարդկանց հետ, որովհետեւ, ինչպես հայտնում է Daily Mail-ը, ասես հետաքրքրված չեն այլ մարդկանցով եւ չեն կարող հասկանալ նրանց հույզերը եւ զգացմունքները։
Օքսիտոցին հորմոնը արտադրվում է հղի կանանց օրգանիզմում, եւ այն նախկինում էլ էր օգտագործվում՝ տարատեսակ խոգեկան խանգարումները բուժելու համար։ Ճապոնացի մասնագետները իրենց հետազոտության ընթացքում պարզել են, որ եթե աուտիզմ ունեցող մարդուն այդ հորմոնից տալ, նրա մոտ կակտիվանա ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է էմոցիաների եւ այլ մարդկանց հասկանալու ու կարեկցելու համար։
Molecular Psychiatry-ում ներկայացված հետազոտության ընթացքում գիտնականները աուտիզմ ունեցող 40 տղամարդկանց օքսիտոցին հորմոն էին տվել՝ քթի կաթիլների տեսքով, ապա ցուցադրել էին ֆիլմ եւ հարցրել, արդյոք ֆիլմի կերպարը դրական էր, թե՝ բացասական։ Տղամարդիկ պետք է հասկանային դա՝ դատելով կերպարի խոսքերից եւ դեմքի արտահայտությունից. Սովորաբար աուտիզմ ունեցող մարդկանց բավական դժվար է այդպիսի բաները հասկանալ, բայց օքսիտոցինը իրոք օգնեց նրանց ճիշտ գնահատական տալ կերպարին։
«Այսպիսով, օքսիտոցինը կարող է օգտակար լինել աուտիզմով տառապողմարդկանց, որոնք խնդիրներ ունեն ոչ վերբալ կամ ուղղակի շփման հետ», - նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Հիդենորի Յամասուէն։
Հետաքրքիր է, որ 20 րոպե անց էլ հորմոնի ազդեցությունը դեռ զգացվում էր, սակայն հայտնի չէ, ինչքան այն իրականում կարող է տեւել։






