Տարեկան մոտ 40-50 պացիենտ Հայաստանում կարիք ունի միաժամանակ երկու վիրահատության՝ քնային զարկերակների եւ սրտի անոթների վրա: Սիրտ-անոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանի կարծիքով, Հայաստանում արդեն պատրաստ են սկսել նման վիրահատություններ անել:

Քնային զարկերակների հետ խնդիրներ ունեցող մարդիկ հաճախ միաժամանակ խնդիրներ են ունենում նաեւ այլ անոթների հետ, կամ տառապում են սրտի հիվանդություններով, օրինակ, սրտի իշեմիկ հիվանդությամբ: Երբ երկու խնդիրներն էլ շատ սուր են եւ վիրահատական միջամտության կարիք ունեն, երբեմն այդ երկու միջամտությունները միաժամանակ են արվում՝ քնային զարկերակի եւ սրտի անոթների վրա: Օրինակ՝ երկու անոթներն էլ մաքրվում են արյան հոսքին խանգարող աթերոսկլերոտիկ վահանիկներից:

Այսպիսի վիրահատությունը շատ ավելի բարդ է համարվում, քան երկու առանձին վիրահատությունները: Սակայն, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, պացիենտի համար ընդհանուր ռիսկերն իրականում ավելի քիչ են միաժամանակ միջապտության ժամանակ, թեկուզ եւ այն պատճառով, որ նա ընդամենը մեկ անգամ է նարկոզ ստանում, ոչ թե երկու կամ ավելի:

Ինչպես նշեց Մեսրոպ Շատախյանը, Հայաստանում արդեն պատրաստ են սկսել այդպիսի բարդ վիրահատություններ անել, եւ առաջին փորձը կարվի, հենց որ դիմի երկու պաթոլոգիա ունեցող պացիենտ: