ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր, օգոստոսի 5ին, այցելեց Երեւանի «Արամյանց» բժշկական կենտրոն (նախկին Թիվ 3 կլինիկական հիվանդանոց):
Կենտրոնի ղեկավար Սամվել Հարությունյանի ուղեկցությամբ նա շրջեց հիվանդանոցի բաժանմունքներով, ծանոթացավ շենքային եւ նյութատեխնիկական պայմաններին:
Արմեն Մուրադյանն առաջինն այցելեց ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ, ակադեմիկոս Պավել Անանիկյանի աշխատասենյակ:
Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքում նախարարը հետաքրքրվեց հիվանդների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ: Եղավ նաեւ վիրահատարանում, ծանոթացավ գործիքային եւ տեխնիկական ապահովվածությանը: Ուշադրություն դարձրեց հատկապես վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանն ու ծառայությունների կազմակերպմանը։
Նախարարը կենտրոնի ղեկավարությանը եւ մասնագետներին առաջարկեց քայլեր ձեռնարկել ուրոլոգիական բաժանմունքը զարգացնելու ուղղությամբ:
Մանկաբարձ–գինեկոլոգ Բագրատ Մկրտչյանի ղեկավարությամբ գործող Էնդոսկոպիկ եւ վերականգնողական գինեկոլոգիայի կլինիկայում ժամանակակից մեթոդներով ու տեխնոլոգիաներով գինեկոլոգիական բարդ վիրահատություններ են կատարվում:
Գինեկոլոգիական բաժանմունքում նախարարը մանկաբարձ - գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ, պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ զրուցեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելու գործում հետագա համագործակցության եւ անելիքների մասին։
Արմեն Մուրադյանը կենտրոնի ղեկավարությանն առաջարկեց մասնագիտական տարբեր միավորումներին հնարավորություն ընձեռել պարբերաբար աշխատանքային խորհրդակցություններ անցկացնել վերջերս վերանորոգված եւ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցած ընդարձակ դահլիճում:
Կենտրոնը հիմնադրվել է 1972թվականին` մասնագիտական 5 ուղղությունով` թերապիա, սրտաբանություն, ընդհանուր վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, անոթային վիրաբուժություն: Հետագայում կրծքային վիրաբուժության բաժանմունքը տեղափոխվել է այլ հիվանդանոց:
Վերջին 14 տարվա ընթացքում հիվանդանոցում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են կատարվել։ Կազմակերպվել է մասնագիտացված 5 նոր բաժանմունք (վնասվածքաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանություն, դիմածնոտային վիրաբուժություն, գինեկոլոգիա, ինտերվենցիոն սրտաբանություն), հարստացվել է նյութատեխնիկական բազան, ուժեղացվել է կադրային ներուժը:
«Արամյանց» բժշկական կենտրոնն այսօր ինը ուղղությունով շուրջօրյա մասնագիտացված բժշկական օգնություն է իրականացնում ինչպես Երեւանի, այնպես էլ` հանրապետության բոլոր մարզերի բնակչության համար:
Հիվանդանոցը շարունակում է զարգացման իր ծրագրերը` համագործակցության եզրեր փնտրելով ինչպես հանրապետության, այնպես էլ` արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ:






