Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի Էլուրու քաղաքում անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել, 227 մարդ հիվանդանոցում է, 1-ը մահացել է, հաղորդում է Times of India-ն:

Մասնագետների խոսքով՝ առեղծվածային հիվանդությունը դրսեւորվում է հետեւյալ ախտանիշներով՝ սրտխառնոցից մինչեւ սուր նոպաներ, շատ պացիենտներ, հատկապես՝ երեխաները, բողոքում են նաեւ աչքերի այտուցից, կծկումներից, նույնիսկ ուշագնացությունից: Ընդ որում, տուժածներից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել:

Հոսպիտալացվածների մեծ մասը 20-30 տարեկան երիտասարդներ են:

Նահանգի առողջապահական մարմինները բացառել են ջրի կամ օդի աղոտոտվածությունը որպես բռնկման հնարավոր պատճառ:

«Դա ինչ-որ առեղծվածային հիվանդություն է, եւ միայն լաբորատոր անալիզը ցույց կտա, թե դա ինչ է»,-ասել է պաշտոնյաներից մեկը:

Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն ու անկախ փորձագետները վստահ են,  որ նահանգի կառավարությունը փորձում է թաքցնել տեղի ունեցածի իրական պատճառը: Բացառված չէ, որ հիվանդությունը կարող էր առաջանալ մոծակներից, որոնք թունավոր նյութեր են պարունակում: