Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել SARS-СoV-2 կորոնավիրուսովարվ ակվելուց ավտոմեքենայի սրահում: Բրաունի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները որոշել են գտնել այս հարցի պատասխանը: Նրանց հոդվածը հրապարակվել է Science Advances ամսագրում:

Փորձագետները համակարգչի միջոցով մոդելավորել են օդային հոսքերն ավտոմեքենայի ներսում բաց եւ փակ պատուհանների տարբեր կոմբինացիաներով, երբ ուղեւորը նստած էր վարորդի հակառակ կողմում հետեւի նստատեղին: Հետազոտությունը ցույց է տվել, որ, ինչպես եւ կարելի էր սպասել, որքան ավտոմեքենայում բաց պատուհաններն ավելի շատ են, այնքան վարորդի եւ ուղեւորի միջեւ օդով փոխանցվող մասնիկների կենտրոնացումն ավելի ցածր է:

Իսկ ահա փակ պատուհաններով օդափոխման համակարգը որեւէ ազդեցություն չի ունեցել վարակի վտանգի վրա: Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ ուղեւորի կողքին գտնվող բաց պատուհանը այդքան էլ չի նվազեցնում ուղեւորի վարակման վտանգը, քանի որ եթե բաց է միայն այդ պատուհանը, օդի հոսքն անցնում է ամբողջ սրահով եւ դուրս է գալից ուղեւորի կողքի պատուհանից:

Ճնշման տարբերության պատճառով օդն ամենից հաճախ մտնում է հետեւի պատուհանից եւ դուրս է գալիս առջեւի պատուհանից: Ուստի, եթե առջեւի եւ հետեւի ապակիները բաց են ուղեւորի եւ վարորդի հակառակ կողմից, ապա վարորդը վարակվելու մի փոքր ավելի մեծ ռիսկի է ենթարկվում, իսկ ուղեւորի համար ռիսկը շատ ավելի ցածր է:

Գիտնականները շեշտում են, որ նույնիսկ եթե ավտոմեքենայի բոլոր պատուհանները բաց են, դա դեռ պաշտպանություն չի երաշխավորում վարակից: Վիրուսի փոխանցման ռիսկը նվազեցնելու լավագույն միջոցը դիմակի ճիշտ կրումն է մնում ինչպես վարորդի, այնպես էլ ուղեւորի կողմից: