Ե՛վ պատերազմի օրերին, ե՛ւ վերջին շրջանում մի շարք կազմակերպություններ եւ մասնավոր անձինք սկսել են բարեգործական նպատակներով Հայաստան բերել տարբեր բժշկական արտադրանքներ՝ նախատեսված հիվանդանոցների համար, որտեղ վիրավորներին են բուժում: Ընդ որում՝ շատերը բախվել են միեւնույն խնդրին՝ բեռի տեղափոխումն ուշացնում էին մաքսազերծելիս:
Այս խնդրին է բախվել նաեւ «Բժիշկների կատարելագործման միջազգային ակադեմիա» հասարակական կազմակերպությունը, որին Ֆրանսիայից ուղարկել էին հատուկ դիմակներ եւ վիրակապեր այն մարդկանց համար, որոնք տուժել էին ֆոսֆորային զենքի կիրառման հետեւանքով: Նախատեսվում է այս արտադրանքը փոխանցել Այրվածքների բուժման ազգային կենտրոն, որտեղ այսօր բուժում են քիմիական այրվածքներով պացիենտների մեծամասնությանը:
Հասարակական կազմակերպության հիմնադիր Դիանա Հովակիմյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ այդ արտադրանքների մաքսազերծման համար պահանջել են 130 հազար եւ 84 հազար դրամ: Այդ արտադրանքների ընդհանուր արժեքը անցնում է 1000 եվրոյից, սակայն Հայաստան էին ուղարկվել բարեգործական նպատակներով. ոչ մեկը չէր նախատեսում այն վաճառել կամ դրանցով ինչ-որ ձեւով փող վաստակել:
Ինչպես հայտնեցին Պետեկամուտների կոմիտեից, բարեգործական բեռի ներմուծման դեպքում հարկերից ազատվելու 2 ճանապարհ կա՝ հրաժարվել բեռից «պետության օգտին» կամ նամակով դիմել կառավարություն, բարեգործության հարցերով կոմիտե: Առաջին դեպքում բեռը կփոխանցվի Հայաստանի առողջապահության նախարարությանը, որը պետք է որոշի դրա հետագա ճակատագիրը: Երկրորդ դեպքում կոմիտեն երկու օրվա մեջ բեռը որակավորում է որպես բարեգործական:
Դիանա Հովակիմյանը որոշեց գնալ առաջին ճանապարհով եւ հրաժարվեց բեռից` հօգուտ պետության: Նա հույս ունի, որ այս ամբողջ գործը չի ձգձգվի եւ վիրակապերն ու դիմակները հնարավորինս շուտ կհասնեն դրանց կարիքն ունեցող հիվանդներին: Նա նաեւ մտադիր է իր կազմակերպության անունից նամակ գրել կառավարությանը` հաջորդ բեռները ստանալիս աջակցություն ստանալու համար. առաջիկայում կազմակերպությունն ակնկալում է Եվրոպայից անվասայլակներ ստանալ, որոնք նախատեսված են նաեւ ռազմական գործողություններից տուժածների համար:
Սակայն ոչ բոլորն են հօգուտ պետության բեռից հրաժարվելու ճանապարհը մաքսազերծման խնդրի հաջող լուծում համարում. բարեգործական բեռներ բերող մարդիկ մտավախություն ունեն, որ չափազանց շատ ժամանակ կանցնի մինչ բժշկական պարագաներն կլինեն այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են: Նույնիսկ եթե խոսքը մի քանի օրվա մասին է, հենց այդքան ստիպված կլինեն սպասել այն վիրաբույժները, ում վիրահատության համար կարեւոր գործիքներ են անհրաժեշտ, այրվածքների մասնագետները, ում հատուկ պարագաներ եւ դեղամիջոցներ են պետք, ինչպես նաեւ մնացած բոլոր բժիշկներն ու հիվանդները: Նման իրավիճակում յուրաքանչյուր լրացուցիչ օր կարող է մարդկային կյանքեր արժենալ:
Երկրորդ ճանապարհը` նամակը կառավարությանը, եւս շատ ժամանակ եւ բյուրոկրատական քաշքշուկներ է պահանջում`: «Մի քանի օրը» կարող է որոշիչ դեր ունենալ, հատկապես, երբ խոսքը հենց այս պահին անհրաժեշտ իրերի մասին է:
Բարեգործական բեռներ բերող շատ մարդիկ պնդում են, որ եթե հնարավորություն լինի դրանք ինքնուրույն հանել մաքսակետից` առանց որեւէ նամակ գրելու կամ ապրանքները երրորդ անձանց հանձնելու, բժշկական պարագաները բժշկական կենտրոններում կլինեն մի քանի ժամից, այլ ոչ թե մի քանի օրից:






